Ադրբեջանը հայտարարել է, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ի պատասխան փետրվարի 13-ի «հայկական սադրանքի», իրականացվել է «Հատուցում» գործողությունը։
Ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք», որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը, «այսուհետ կստանա ավելի լուրջ և վճռական միջոցներով պատասխան», գրում է Kommersant-ը։
«Գործողության արդյունքում՝ Ներքին Հանդի բնակավայրի մոտ ամբողջությամբ ոչնչացվել է Հայաստանի ԶՈւ մարտական դիրքը»,- ասվում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ ԶՈւ-ի վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե վիրավորվել է Ադրբեջանի սահմանային ծառայության մեկ զինծառայող։