Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ առանձին շրջանակներ, անհատներ արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ բացասական տրամադրություններ են գեներացնում: Սակայն, բարեբախտաբար, իրականում նրանք չնչին են՝ թե՛ քանակով, թե՛ էությամբ: Իսկ մեր ազգի մեծամասնությունը հնարավորության սահմաններում իր աջակցությունն է բերում բռնի տեղահանված արցախցիներին: Ճիշտ է, արցախցիների տեղավորման, նրանց համար անհրաժեշտ պայմանների առաջին պատասխանատուն պետությունն է, սակայն տասնյակ հազարավոր անհատներ, կազմակերպություններ իրենց ներդրումն են ունենում, որոնց ժամանակի ընթացքում պարբերաբար կանդրադառնանք: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բռնագաղթյալների առաջին իսկ խմբի՝ Հայաստան հասնելուն պես զգալի աշխատանք է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ամենօրյա ռեժիմով լինելով բռնագաղթյալ մեր հայրենակիցների կողքին:
Մեր Արցախցիների համար նախատեսված լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Ընդ որում, քանի որ ծրագիրը բավական մեծ է, այն կատարվում է փուլային տարբերակով: 1500 արցախցիների կացարանով ապահովելու մասին է հայտարարել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Մեր տեղեկություններով, սակայն, ծրագրերը միայն կացարանով չեն սահամանափակվի: Կապի օպերատորներից Team Telecom Armenia-ն 6 ամիս անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ IDBank-ը հայտարարել է հերթական IDream կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված կլինի հատուկ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Զգալի ծրագրեր է իրականացնում մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը. մեր տեղեկություններով, ծրագրերը շարունակական են, ընդ որում՝ ոչ միայն կապված արցախցի բռնագաղթյալների հետ:
Արցախցի մեր հարենակիցներին աշխատանքի առաջարկներ են արել մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ «Երևան սիթին», «Զովքը», «Դոմուսը», «Արտաշատ-Վինկոնը», Փաստաբանների պալատը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Արտ լանչը», դարձյալ նույն IDBank-ը, «Աթենք» ընկերությունը և բազմաթիվ այլ կազմակերպություններ: Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ևս իր թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Զուգահեռ ստեղծված են աջակցության տարբեր հարթակներ, որտեղ ի մի են բերվում տարբեր ծրագրեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում