Կուղարկի հատուկ դասընթացների. կարդա ա՛յ իմ խելոք մանուկ….

Mar 25, 2017 Comments Off on Կուղարկի հատուկ դասընթացների. կարդա ա՛յ իմ խելոք մանուկ….

ՀՀԿ քարոզարշավի շրջանակում մարզեր կատարած այցերը վարչապետ Կարեն Կարապետյանին իրականությունը լավ պատկերացնելու  հնարավորություն է տալիս:

Թերևս այս այցերի ընթացքում վարչապետը հասկացել է, որ անհապաղ պետք է  կրթել մարզպետներին: Նա վերջին երկու օրերին հայտարարում է, որ մարզպետները ռեգիոնալ կառավարման ոլորտում հմտությունները բարելավելու կարիք ունեն:Իսկ կառավարության նիստի ժամանակ  էլ հայտարարեց, որ մարզպետները  Ամերիկյան համալսարանում պետք է հատուկ դասընթացներ անցնեն: «Համայնքների բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ համայնքների ղեկավարները համյանքի զարգացման ծրագիրը  շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ: Բազմաթիվ մեր քաղաքացիներ բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք հիմնական խնդիր են այդ համայնքում: Պարզվում է՝ այդ խնդիրը համայնքի ծրագրի մեջ չկա: »,- իրավացիորեն նշել է Կարեն Կարապետյանը և  տարածքային կառավարման նախարարին և մարզպետներին հանձնարարել մեկամսյա ժամկետում կազմակերպել համապատասխան ծրագրերի վերանայում՝ լիարժեք ներգրավելով համայնքների բնակիչներին:Նա նաև հանձնարարել է երեք շաբաթվա ընթացքում ընտրել համայնքների զարգացման հնգամյա լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել կառավարությունում:

Կարեն Կարապետյանին նույն ձևով բարկացրել է նաև «Սևան» ազգային պարկի վիճակը, նա դժգոհել է տնօրենի աշխատանքից. «Ես չգիտեմ էդ մարդը ով ա, մի հատ գնահատում եք` ինքը էդ բեռը քաշո՞ւմ ա, թե՞ չէ, եթե չէ, նորմալ առաջարկություն եք տալիս նոր նորմալ տնօրենի վերաբերյալ»,- բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է վարչապետը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ ինքը  պտտվել է Սևան ազգային պարկի տարածքում, տեսել, որ տարածքի ներուժը չի օգտագործվում, միչդեռ այդ տարածքներն  ըստ նրա ունեն սոցիալական և զբոսաշրջային լուրջ նշանակություն:

Հաջորդը գյուղնախարար Իգնատի Առաքելյանն է ստացել դիտողություն.«Որևէ տեղ գյուղացիները չգիտեին, որ կառավարությունը 7 տոկոս սուբսիդավորում է, որ գյուղացիները 2 տոկոսով լիզինգը վերցնեն: Հստակ բացատրեք, թե ինչպես կարող է գյուղացին դրանից օգտվել, խորհրդատվական ծառայության խնդիր կա: Ցանկացած ռեֆորմ, որը անում է գյուղնախարարությունը, թեմա առ թեմա, պետք է տարածել»,- հրահանգել է վարչապետը:

Կարեն Կարապետյանին զայրացրել է նաև մարզերի  ճանապարհների անմխիթար  վիճակը, համատրությունների աշխատանքը. «Մենք կայացած համատիրություններ չունենք և պետք է այնպես անենք, որ դրանք աշխատեն: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնալ այստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն և ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Թերևս վարչապետի մտահոգությունը տեղին է, սակայն գնահատականը ծայրահեղ է: Կոնկրետ մեկ կայացած համատիրության օրինակ մենք վարչապետին կարող ենք մատնացույց անել՝ Ավան վարչական շրջանում գործող «Ծարավ աղբյուր» համատիությունը, որն աշխատում է բավականին կազմակերպված:

Կարեն Կարապետյանը դժգոհել է նաև Ճանապարհային ոստիկանության աշխատանքից, զբոսաշրջային ներուժի անարդյունավետ օգտագործումից:

Ընդհանուր  մարզային այցերը, ինչպես ինքը՝ վարչապետն է խոստովանել, իրավիճակի ուսումնասիրության պես մի բան են եղել, հաջորդն արդեն, ենթադրաբար  լուծումների փուլն է լինելու: Որպես այս ուղղությամբ առաջին քայլ՝ որոշվել է արտադրության մեջ օգտագործվող մեքենասարքաորումների ներմուծման դեպքում մաքսատուրք չգանձել: Իսկապես դրական քայլ է, առավել ևս, որ մինչ այս որոշումը անհատական որոշումների մակարդակով կառավարությունը տարբեր ընկերությունների ընդառաջում էր, բայց այդ մեխանիզմը ուներ կոռուպցիոն ռիսկ: Ի վերջո՝ ոչ բոլորը կարող էին հասնել կառավարության որոշմամբ մաքսատուրքից   կամ սահմանին գանձվող ԱԱՀ-ից ազատվելու պատվին: Իսկ այս պարագայում, երբ դա դառնում է ընդհանուր նորմ բոլորի համար, արդեն դրական է: Բայց այս պարագայում կարող է խնդիր առաջանալ բյուջեի մուտքերի հետ կապված, ուստի բացառված չէ, որ սա ընդամենը նախընտրական ժեստ է, որն ընտրություններից հետո կրկին կարող է վերանայվել:

Արման Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: