«Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական խաբեությունը»

Mar 22, 2017 Comments Off on «Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական խաբեությունը»

Քաղաքագետ, Մոդուս Վիվենդի վերլուծական կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը տարօրինակ է գնահատում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հարցի շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակվում են, անգամ՝ Ադրբեջանը պատրաստ է զիջումների։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը․ «Նման հայտարարությունը խիստ տարօրինակ է, որովհետեւ որտեղի՞ց պետք է Տեր-Պետրոսյանն իմանա՝ Ադրբեջանը համաձա՞յն է զիջումների, թե՞ ոչ։ Երբ Ադրբեջանը միշտ հակառակն է հայտարարում, արդյոք ուղիղ կա՞պ ունի Ալիեւի հետ եւ անձամբ է իմացել։ Ես հետեւում եմ այն հայտարարություններին, որ անում է ադրբեջանական կողմը՝ տարբեր պաշտոնյաների միջոցով․ որեւէ զիջման մասին խոսք չկա»։

Քաղաքագետի կարծիքով՝ նախընտրական շրջանում նման հայտարարությունները պատահական չեն արվում․ «Պարզապես, իմ կարծիքով, շահարկվում է խաղաղության կարգախոսը՝ ձայներ կորզելու նպատակով, որովեհետեւ բանակցությունները սառեցված են։ Նախընտրական շրջանի խաբեություն է, ինչպես ուրիշ կուսակցություններ ոսկի սարեր են խոստանում տնտեսական ասպարեզում:  Ամեն մեկը մի ոլորտ է վերցրել ու գովում է, մեկն ասում է բանկում մնացած ձեր փողերը կտանք, մյուսն ասում է գործարաններ կկառուցեմ, կոմունիստներն ընդհանրապես խելքները գցել են, ասում են՝ ձրի բժշկություն կլինի»։

Քաղաքագետի խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ՌԴ-ին և ԵՄ-ին, «որոնք շահագրգռված են ԼՂ կոնֆլիկտի լուծմամբ»:

«Մոտավորապես նման մի բան են ասում՝ օգնեք մեզ գանք իշխանության ու ձեր ուզածը կանենք»,-ասաց Պապյանը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: