Սեյրան Օհանյանի գիտությամբ փորձել են «առնել» Վոլոդյա Ավետիսյանին․ պաշտպանը հակադարձում է Օհանյանին

Feb 18, 2017 Comments Off on Սեյրան Օհանյանի գիտությամբ փորձել են «առնել» Վոլոդյա Ավետիսյանին․ պաշտպանը հակադարձում է Օհանյանին

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն անակնկալի է եկել, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընդդիմադիր գործիչ դառնալուց հետո է տեսել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան:

«Սեյրան Օհանյանի՝ Պաշտպանության նախարար լինելու ժամանակահատվածում ունեցել ենք քաղբանտարկյալներ, որոնց  թվում է Վոլոդյա Ավետիսյանը։ Ցավում եմ, որ անձը իշխանությունից դուրս գալուց հետո փորձում է ցույց տալ, որ իր աշխատած ժամանակահատվածում ամեն ինչ լավ է եղել։ Դիտում եմ այն որպես պոպուլիստական քայլ»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ավետիսյանը դատապարտվեց  6 տարվա ազատազրկման՝ խարդախության փորձ կատարելու մեղադրանքով։ Ավետիսյանը, սակայն, իր մեղքը չէր ընդունում՝ համարելով, որ իրեն հետապնդում են՝ քաղաքական նկատառումներից ելնելով։

Ավետիսյանի պաշտպանի համոզմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը պայմանավորված էր վերջինիս քաղաքացիական ակտիվությամբ․

«Նա բարձրացնում էր տնտեսական խնդիր՝ ազատամարտիկների պայմանների բարելավման հետ կապված, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր լինելու բյուջեից բավականին մեծ գումարներ հատկացնել։ Նաեւ Վոլոդյա Ավետիսյանը մեծ հեղինակություն վայելող անձնավորություն էր ազատամարտիկների շրջանում, փորձեր էին արվել, որ նրան «առնեն», բիզնեսներ էին խոստացել»,-ասաց Զաքարյանը։

Մեր ճշտող հարցին՝ նաեւ նախկին նախարա՞րը, պաշտպանն ասաց․

«Այդ թվում նաեւ նախարարի գիտությամբ։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ Սեյրան Օհանյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերել, սակայն Ավետիսյանն ինքն է խախտել այդ պայմանավորվածությունը։ Մի էդպիսի վերացական արտահայտություն արեց, որով ընդունեց Ավետիսյանի հետ  հանդիպումը՝ առանց մանրամասնելու,թե ինչ թեմաների շուրջ են խոսել։ Այդ առթիվ Վոլոդյա Ավետիսյանը նշել էր, որ փորձում էին իրեն աշխատանք, պաշտոն առաջարկել, որպեսզի ինքը զերծ մնա այդ քայլերը կատարելուց, եւ տեսնելով, որ ոչ մի կերպ հնարավոր չէ Ավետիսյանին հետ պահել, այդ սարքված քրեական գործը եղավ»։

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենց՝ իշխանության գալու դեպքում ՀՀ-ում չեն լինի քաղբանտարկյալներ։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: