ՊՆ կենտրոնական հոսպիտալի տնօրենը՝ ձորն ընկած բուլդոզերի զինծառայողների վիճակի մասին

Feb 18, 2017 Comments Off on ՊՆ կենտրոնական հոսպիտալի տնօրենը՝ ձորն ընկած բուլդոզերի զինծառայողների վիճակի մասին

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորը գլորված բուլդոզերում եղել են 3 պայմանագրային զինծառայողներ՝ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան եւ Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը,  Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխելիս՝ Գարեգին Մինասյանը մահացել է: Արմեն Պուխան եւ Վրույր Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։

Արամ Ասատուրյանի խոսքով՝ Արմեն Պուխանի վիճակը գնահատվում է ծանր, իսկ Վրույր Ներսիսյանի՝ միջին ծանրության։ Ինչ վերաբերում է զինծառայողների վնասվածքներին, ապա Պուխանի մոտ գանգուղեղային վնասվածք է՝ գլխի ցնցումով, կրծքավանդակի փակ վնասվածք՝ կողերի վնասումով։ Վրույր Ներսիսյանի մոտ ազդրի փակ կոտրվածք է, փակ գանգուղեղային տրավմա՝ գլխի ցնցումով եւ բազմաթիվ քերծվածքներ ու սալջարդներ։

Հիշեցնենք, որ Գարեգին Մինասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: