«Ժառանգությունն» այդպես էլ կուսակցություն չդարձավ․ փորձագետ

Jan 20, 2017 Comments Off on «Ժառանգությունն» այդպես էլ կուսակցություն չդարձավ․ փորձագետ

«Քաղաքական գործիչների շարժը մի կուսակցությունից մյուսը նորություն չէ, միշտ էլ եղել է, այն կապված է ընտրությունների հետ»,-այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ներքաղաքական զարգացումներին։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ «Ժառանգություն»-ից դուրս գալու դիմում էր գրել եւ հայտարարել «Ազատ դեմոկրատներ»-ի դաշինքում ահնդես գալու մասին։ Մեզ հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը եւս հայտնել էր, որ դիտարկում էր դեմոկրատների առաջարկությունը։ Դաշինք ձեւավորվեց նաեւ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունների միջեւ։

Փորձագետի խոսքով՝ սպասվող ընտրությունները շատ կարեւոր են․ «Ով մտավ խորհրդարան, մտավ, ով էլ չէ՝ չէ, հնարավոր է լուսանցքից դուրս հայտնվի, այդ իսկ պատճառով քաղաքական  գործիչները շտապում են անցողիկ տեղերը գտնել, որ հայտնվեն խորհրդարանում, որովհետեւ իրենց թվում է, որ առանց իրենց երկիրը կկործանվի։ Չնայած դա պատճառաբանվում է, որ ժողովրդի փրկության համար է կատարվում, բայց միայն նրա համար է, որ կենտրոնական ամբիոնն օգտագործեն եւ իրենց «տաղանդավոր» մտքերն ամբողջ հասարակությանն ի ցույց դնեն»,-ասաց Արմեն Բադալյանը։

Մեր հարցին՝ տարօրինակ չէ՞, որ «Ժառանգություն» կուսակցությունը բանակցում է մի դաշինքի հետ, որի կազմում է քաղաքական գործիչ, որը 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի դեպքերի ժամանակ իշխանության մաս է եղել, Արմեն Բադալյանն ասաց․

«Վերջին 25 տարվա ընթացքում այնքան նման դեպքեր են եղել, երբ քաղաքական գործիչը մեկ բան է խոստանում, հետո լրիվ հակառակ գործունեություն իրականացնում։  «Ժառանգության» մասին դեռ տարիներ առաջ եմ ասել, որ այն այդպես էլ կուսակցություն չդառավ, երբ  մի գործիչ հայտարարում է  մի ուղղությամբ գնալու մասին, մեկ այլ գործիչ՝ բոլորովին այլ դաշինքի մասին, իսկ  կուսակցության ղեկավարը կարող   է  տարիներ շարունակ ՀՀ-ում չլինել եւ այլ երկրներում գործունեություն ծավալել»։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: