Ինչու՞ է Թրամփը գովում Պուտինին, Էրդողանին. Աշխարհը պատրանքների՞, թե՞ տրագիֆարսի շեմին

Jan 11, 2017 Comments Off on Ինչու՞ է Թրամփը գովում Պուտինին, Էրդողանին. Աշխարհը պատրանքների՞, թե՞ տրագիֆարսի շեմին

Տասը օրից ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները ստանձնելու է Դոնալդ Թրամփը, ով մի քանի առիթներով հավաստիացրել է, որ մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, թե մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պնդելով, թե «միայն անմիտներն ու հիմարները կարող են դա սխալ համարել»:

«Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք ողջ աշխարհով մեկ, և կարիք չկա դրանց ևս մեկը ավելացնել», – հայտարարել է հունվարի 20-ից պաշտոնը ստանձնող ԱՄՆ-ի նախագահը: Թվիթերյան այս գրառումից մեկ օր առաջ հրապարակվել էր ամերիկյան հետախուզության հատուկ զեկույցը, ըստ որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել կիբերհարձակումներ իրականացնել ամերիկյան վերջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ նպատակ ունենալով աջակցել Թրամփի հաղթանակին: Ավելի վաղ հատուկ ծառայությունների ներկայացրած փաստերին ծանոթանալուց հետո Թրամփը կարգադրել էր իր աշխատակազմին լիազորությունները ստանձնելուն պես գործողությունների ծրագիր մշակել՝ նման կիբերհարձակումները ակտիվորեն կանխելու համար:

Մոսկվան հերքում է ԱՄՆ-ի պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին:

Արդյո՞ք Թրամփը կիրականացնի իր խոստումը` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Սառը պատերազմին» հաջորդած 25 տարիների ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում եղել են աղմկահարույց փոխադարձ մեղադրանքներ, թյուրիմացություններ և հիասթափություններ: Վաշինգտոնում մերթ ցանկացել են ռուսներին համարել վստահելի գործընկերներ, մերթ անվանել են թույլ տնտեսությամբ տարածաշրջանային տերություն: Մոսկվայում մերթ ցանկացել են Ամերիկայի հետ հաստատել ռազմավարական համագործակցություն, մերթ ոգևորվել են ԱՄՆ-ի առաջնորդած արդիական աշխարհակարգն ավերելու ծրագրով:

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հաճախ կլինեն մրցակցային և նույնիսկ թշնամական: Հիմարություն կլինի մտածել, թե լիդերների անձնական մտերմությունը և համաձայնության հասնելու ունակությունը թույլ կտան վերացնել առկա խնդիրները: Էլ ավելի մեծ հիմարություն կլինի լռության մատնել ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության չափազանց մտահոգիչ հանգամանքը, նույնիսկ, եթե դրա մասին խոսելն անհարմար է», -The New York Times-ում գրել է Քարնեգիի հիմնադրամի նախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսը։

2017-ին եվրոպական առանցքային երկրներում ընտրություններ են, դրանք են դառնալու մարտի մյուս դաշտը: Արդեն իսկ եվրոպական երկրներում ընտրությունների վրա ազդելու մեղադրանքներ են հնչում` ուղղված Ռուսաստանին: ԱՄՆ-ը ուշադրության կենտրոնում է պահում Ուկրաինան, որի ճակատագիրը մեծ կարևորություն ունի Եվրոպայի և Ռուսաստանի համար: ԱՄՆ-ն պետք է ընդունի համատեղ ջանքերով «Իսլամական պետության» դեմ միասին պայքարելու, կամ, օրինակ, Չինաստանին զսպելու Ռուսաստանի առաջարկները: Սիրիայում Ռուսաստանի կեցվածքը, կարծես շատ ավելի է մեծացրել ահաբեկչության վտանգը: Գումարած` ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերություններ, ՌԴ-Եվրոպա, ԱՄՆ-Թուրքիա…

Մի խոսքով` անորոշությունների շարան:

1917թ. ապրիլի 2-ին Կոնգրեսի առաջ հիմնավորելով Գերմանիային պատերազմ հայտարարելու խնդրանքը՝ Վուդրո Վիլսոնն իր նախագահության օրոք արտաբերեց ամենաաղմկալի ասույթներից մեկը. «Աշխարհը պետք է անվտանգ դարձնել ժողովրդավարության համար»: Հաջորդ սերնդի ժամանակ Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը հրապարակեցին Ատլանտյան խարտիան, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դաշնակից երկրներին պարտավորեցնում էր պաշտպանել ժողովուրդների իրավունքը՝ ընտրելու կառավարման այնպիսի ձև, որի ներքո նրանք ցանկանում են ապրել: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ը պնդում է, որ Ամերիկայի ազգային անվտանգությունը կախված է արտասահմանում ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածումից՝ գրում է Ջեյմս Տրաուբը Foreign Policy-ում:

Բայց Դոնալդ Թրամփը, որը ստանձնում է նախագահի պաշտոնը Վիլսոնի ելույթից 100 տարի անց, կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որը չի կիսում այդ համոզմունքները՝ կարծում է հոդվածագիրը: Նորընտիր նախագահի հարձակումները լրագրության, քննադատների և քաղաքական հակառակորդների վրա հստակ ցույց են տալիս, թե ինչքան է նա ատում ժողովրդավարական նորմերը: Նա նաև արհամարհում է միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են փախստականներին ընդունելու պարտավորվածությունը կամ կտտանքներից զերծ մնալը: Արտասահմանում ժողովրդավարական նորմերը նրան ամենաքիչն են հետաքրքրում: Համաշխարհային առաջնորդները, որոնց նա գովում է, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին, բռնապետներ են, որոնք իրենց քննադատողներին ուղարկում են բանտ կամ գերեզմանոց՝ փաստում է Տրաուբը:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը ցանկանում աշխարհն անվտանգ դարձնել ժողովրդավարության համար: Վիլսոնը կարծում էր, որ ավտոկրատ կառավարությունները, որոնց գործողությունները ղեկավարում են առաջնորդների եսասեր շահերը, այլ ոչ թե քաղաքացիների ցանկությունը, կոչնչացնեն «խաղաղության համաձայնագիր» սերմանելու ջանքերը: Եթե ԱՄՆ-ը չղեկավարի ժողովրդավարական և լիբերալ սկզբունքների առաջխաղացումը, ինչպես արել են վերջին 100 տարիների ընթացքում, ոչ մեկը չի անի: Եվ այդ վակուումը կլցվի այն մեկով, որի արժեքները ո՛չ ժողովրդավարական են, ո՛չ լիբերալ: Ամերիկան կրկին հզոր դարձնելու Թրամփի խոստումը կվերածվի տրագիֆարսի՝ եզրափակում է հոդվածագիրը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: