«Փափուկ բարձի քաղաքականություն…»

Feb 19, 2016 Comments Off on «Փափուկ բարձի քաղաքականություն…»

«Մենք հավատում ենք վարչապետին, բայց սայլը տեղից չի շարժվում»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներից Կարինե Աղաբաբյանը:

Բացառիկ գերակա հանրային շահի և հասարակության ու պետության կարիքների անվան տակ կառավարության որոշմամբ այդ տարածքը տրվել է «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին, որն իբրև կառուցապատող 2007-2009 թթ. նախաձեռնեց 33-րդ թաղամասի մոտ 200 բնակիչների սեփական տների քանդման գործընթացը:

Փոխարենը բնակիչներին խոստացել են  առաջիկա 3 տարում իրենց տների տեղում կառուցվող բազմաբնակարան շենքերից համապատասխան բնակարաններ հատկացնել:

«Անգամ համապատասխան պայմանագրեր կնքվեցին` իբրեւ երաշխիք այն բանի, որ բնակիչները դրսում չեն մնա: Բայց պարզվեց, որ անգամ իբրեւ փաստաթուղթ ծառայող պայմանագրերն անզոր են այն դեպքում, եթե կառուցապատողն իր պարտավորությունները չի կատարում` քանդված տների բնակիչներին թողնելով անօթևան: Այժմ 2016 թիվն է, իսկ կառուցապատողի ձեռք բերած տարածքում նորակառույցներն այդպես էլ չհայտնվեցին»,-նկատեց Կարինե Աղաբաբյանը:

Բնակչուհին ահազանգում է՝ ստեղծված իրավիճակը լուծում չի գտնում, մինչդեռ իրենք պետության գերակա շահը կարևորել են անձնական շահից:

«Մենք վստահում ենք, հավատում ենք մեր կառավարությունը, սակայն նրանք մեզ դուրս հանեցին մեր տներից ու մոռացան մեր գոյության մասին: Փափուկ բարձ դնելու քաղաքականությամբ են շարժվում և չեն հասկանում մեր վիճակը»,-եզրափակեց բողոքող բնակչուհին:

Աստղիկ Ավագյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: