Կդատե՞ն Պուտինին Հաագայի դատարանում

Jan 31, 2016 Comments Off on Կդատե՞ն Պուտինին Հաագայի դատարանում

Ռուս-վրացական պատերազմը` Միջազգային քրեական դատարանի քննության առարկա

Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը սկսում է 2008թ․ օգոստոսյան հնգօրյա պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Դատարանի երեք անդամների կողմից երեկ կայացված որոշման համաձայն՝ գամբիացի Ֆաթու Բենսուդան ղեկավարելու է քննչական այն խումբը, որն առաջիկայում կզբաղվի քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի առթիվ ապացույցների փնտրտուքով:

«Իմ ղեկավարած գրասենյակը դեռ անցած տարվա հոկտեմբերին էր դիմել հետաքննության մեկնարկի պաշտոնական թույլտվություն ստանալու խնդրանքով` հիմք ընդունելով մեր տրամադրության տակ գտնվող հավաստի և մանրակրկիտ վերլուծության ենթարկված տեղեկությունները Վրաստանի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների մասին: Դրանցում ներգրավված են եղել հակամարտության բոլոր երեք կողմերը` Վրաստանի զինված ուժերը, Հարավային Օսիայի ստորաբաժանումներն ու Ռուսաստանի զինված ուժերը», – իր տեսաուղերձում հայտարարում է Բենսուդան` նշելով, որ Միջազգային քրեական դատարանի կողմից օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ 2015թ. մարտին Վրաստանը անորոշ ժամկետով դադարեցրեց այս գործի հետաքննությունը: Բացի այդ, ըստ Բենսուդայի, իր ղեկավարած կառույցը շարունակում է հետևել նույն այս գործով Ռուսաստանի իրավապահների կողմից իրականացվող և այժմ էլ շարունակվող հետաքննությանը:

«Դատավորների` այսօր կայացրած որոշումը նշանավորում է հետաքննության մեկնարկը: Հնարավոր կասկածյալները ի հայտ կգան միայն դրա հետագա փուլերում` կախված մեր կողմից հավաքագրված ապացույցների բնույթից: Միայն այն դեպքում, երբ ձեռք բերված ապացույցները վկայեն, որ այս կամ այն անձը Քրեական դատարանի կողմից որպես հանցագործություն դիտարկվող արարք է կատարել, քննչական խումբը կանցնի գործողությունների հաջորդ փուլին: Երբ անհրաժեշտ պահը գա, մենք կդիմենք դատարանին` քրեական պատասխանատվության ենթակա անձանց ձերբակալության կամ բերման ենթարկելու միջնորդությամբ», – հայտարարում էր Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը:

Հաագայի դատարանի` հետաքննություն սկսելու որոշման մեջ նշված են ռազմական հանցագործությունների այն կոնկրետ տեսակները, որոնց շուրջ ծավալվելու է ապացույցների փնտրտուքը: Միջազգային քրեական դատարանի դատավորների վճռի համաձայն՝ Բենսուդայի ղեկավարած խումբը հետաքննելու է «2008թ. հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում, միջազգային զինված հակամարտության համատեքստում կատարված կանխամտածված սպանությունները, խաղաղ բնակչության բռնի տեղահանման և հետապնդումների դեպքերը, կանխամտածված հարձակումները խաղաղապահների վրա, դիակապտության և ուրիշի ունեցվածքի ոչնչացման դեպքերը»:

Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 8-13-ը շարունակված պատերազմի ընթացքում, տարբեր կողմերից հնչող գնահատականների համաձայն, զոհվել է մոտ 400 խաղաղ բնակիչ: Հարավային Օսիայում բնակվող 15 հազար վրացիները ստիպված էին լքել մշտական բնակության վայրերը: Ռուսական պաշտոնական աղբյուրների պնդմամբ էլ՝ վրացական կողմից պատերազմի առաջին ժամերին իրականացված հարձակումների ու գնդակոծությունների հետևանքով զոհվել էին Հարավային Օսիայում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանման 15 զինծառայողներ:

Սաակաշվիլին ողջունել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ողջունել ու աջակցել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից հետաքննության սկսմանը, որն առնչվելու է 2008թ. ռուս-վրացական զինված հակամարտության ընթացքում հնարավոր ռազմական հանցանքներին ու էթնիկ վրացիների սպանություններին։ Սաակաշվիլին հիշեցրել է, որ ժամանակին իր կարիերան սկսել է որպես մարդու իրավունքների հարցերով մասնագետ և 2004թ. նախաձեռնել է Վրաստանի կողմից միջազգային տրիբունալի իրավասության ճանաչումը։ Սաակաշվիլին խոստովանել է, որ փաստերի հաստատման գործընթացը բարդ կլինի։

Այսպես, Միջազգային քրեական դատարանի միջոցով արևմուտքը նոր արշավ է սկսում ընդդեմ Պուտինի: Իսկ Հաագայի Միջազգային քրեական դատարանն, ինչպես ասում են, արդեն կատակ գործ չէ:

Նոր սկանդալ ռուս-ուկրաինական հարաբերություններում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս իր մեկնաբանություններում անդրադարձել էր խորհրդային անցյալին, քննադատել է ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Լենինին, թեպետ ընդգծել է, որ համակրանք է տածում կոմունիստական գաղափարների հանդեպ։

Նրա քննադատության թիրախը սովետների ազգային քաղաքականությունն է, հանրապետություններին անկախանալու հնարավորություն ընձեռելը, որն էլ, ըստ Պուտինի, հանգեցրել է Ռուսաստանի քայքայմանը։ Սովետի կայացման տարիներին Լենինը հանրապետություններին անկախանալու իրավունք շնորհելու կողմնակից էր, իսկ Իոսիֆ Ստալինը պնդում էր, որ նախկին կայսրության ծայրամասերին ընդամենը պետք է տալ ինքնավարություն։

Այսպիսով, Պուտինը ևս մեկ հարցում է համերաշխ Ստալինի հետ։ Ստավրոպոլում կայացած Համառուսաստանյան ժողովրդական ճակատի միջտարածաշրջանային ժողովում Պուտինի մեկնաբանություններից մեկն էլ պաշտոնական Կիևի զայրույթն է հարուցել։ «Սահմանները բացառապես կամայական սկզբունքներով էին որոշում և հաճախ անհիմն։ Օրինակ, Դոնբասը փոխանցել են Ուկրաինային սոսկ բանվոր դասակարգի տոկոսն Ուկրաինայում ավելացնելու և սոցիալական աջակցություն ստանալու համար, սա ցնդաբանություն է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունը Կիևում մեծ դժգոհություն է առաջացրել։ Ուկրաինան պաշտոնապես խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել Դոնբասի վերաբերյալ ՌԴ նախագահի արտահայտությունը։ ՄԱԿ-ում Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ Պուտինի խոսքերը կասկածի տակ են առնում Ուկրաինայի քաղաքական անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հակասում են միջազգային հիմնարար համաձայնագրերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության խորհրդաժողովի 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն։

Բացի այդ, Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ նման վտանգավոր մեկնաբանություններով հանդես է գալիս Բուդապեշտի համաձայնագիրը ստորագրած պետության ղեկավարը։ 1994թ. Բուդապեշտի համաձայնագրով Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պարտավորվել են հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչի դիմաց Ուկրաինան հրաժարվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իր տարածքում մնացած միջուկային զենքից։ «Շարունակելով Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի բռնակցումը և Դոնբասում բացահայտ ագրեսիան` Ռուսաստանը խախտում է այդ համաձայնագիրը»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։ «Մենք պարզապես մտադիր չենք որևէ կերպ արձագանքել այդ հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու Ուկրաինայի նախաձեռնությանը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մետաքսյա  Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: