Արտակարգ դեպք Քանաքեռ-Զեյթունում

Jan 27, 2016 Comments Off on Արտակարգ դեպք Քանաքեռ-Զեյթունում

Այսօր` հունվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սուրենյան փողոցի թիվ 1 բազմահարկ շենքի 1-ին մուտքի բետոնե հսկայական ծածկը պոկվել և ընկել է աստիճանավանդակի վրա:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երջանիկ պատահականությամբ, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն մուտքը քաղաքացիների համար դարձել է դժվարանցանելի:

Օպերատիվորեն ժամանել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին` 1982 թ.-ին և այն պանելային է: Փլուզման հետևանքով վնասվել է շենքի նկուղային դիմային պատը:

Գրեթե 2 ժամ պահանջվեց, մինչև ժամանեցին համատիրության աշխատակիցները, ովքեր փրկարարների և բնակիչների հետ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ փլուզված բետոնե ծածկը հեռացրեցին:

Գ. Շամշյանը հայտնում է, որ եթե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատասխանատուները հետևություններ չանեն ու իրենցից վտանգ ներկայացնող բետոե ծածկերը չվերանորոգեն, ապա չի բացառվում, որ նման դեպք կրկնվելու դեպքում` կունենան վիրավորներ կամ զոհեր:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: