«Դաշնակցությունը պատասխանատվություն ունի մարտի 1-ի համար»

Jan 24, 2016 Comments Off on «Դաշնակցությունը պատասխանատվություն ունի մարտի 1-ի համար»

«Դաշնակցությունը 1998 թվականից սկսած սպասարկում է վարչախմբի շահերը, պարբերաբար լինելով կոալիցիայի մեջ, պարբերաբար զբաղեցնելով պաշտոններ, ապա հրաժարվելով դրանցից, բայց մնացած հարցերում միշտ հավատարիմ մնալով ՀՀԿ-ին»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ և ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին հայտարարություններին նկատեց  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

Մակեյանը հնարավոր կոալիցիան անակնկալ չի համարում: Նա գտնում է, որ դաշնակցության «հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսը դարձել է անեկդոտ և որոշ կուսակցականները ստվեր են գցել անգամ իրենց նախորդների գործնեության վրա:

Պետրոս Մակեյանը նկատում է, որ սպասարկելով հանրապետական կուսակցության շահերը ՀՅԴ-ն մասնակից դարձավ  նաև  2008 թվականի  մարտի 1-ի արյունոտ իրականությանը:

«Նրանք ունեն պատասխանատվություն մարտի 1-ի համար: Նրանք նաև պատասխանատվություն ունեն հանրաքվեից հետո իշխանության կեղծիքները լեգիտիմացնելու պարագայում»,-ընդգծեց Պետրոս Մակեյանը:

Քաղաքական գործիչը փաստեց,որ հնարավոր կոալիցիայի դեպքում դաշնակցությունը փորձելու է ստանալ այն նախարարությունների պորտֆելները, որից հնարավորինս շատ ֆինանս է հնարավոր կորզել:

«Մենք դրա ականատեսը արդեն եղել ենք: ՀՅԴ –ն ներկայացնող պատգամավորները մեկ անգամ արդեն հարստանալու հնարավորությունը բաց չեն թողել: Հիշենք` Դավիթ Լոքյանին ու Լևոն Մկրտչյանին: Նրանք օլիգարխներ են հիմա: Տխուր իրականությունը ակնհայտ է ու մեր հիշողությունը մեզ չի խափում: Դաշնակցությունը դեռ կփորձի փրկել հանրապետականին, բայց ապագայում ամեն բան իր տեղում կլինի»,-հավաստեց Պետրոս Մակեյանը:

Նշենք, որ ՀՅԴ-ն  իշխող կոալիցիայի մաս կազմելու հարցի շուրջ  օրերս  բանակցություններ է  ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

Նկատենք, որ ՀՅԴ սփյուռքի ներկայացուցիչները որևէ բացահայտ դիտարկումներ չեն արել:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: