Նոր համաճարակ`Բրազիլիայում

Jan 21, 2016 Comments Off on Նոր համաճարակ`Բրազիլիայում

Բրազիլիայում շարունակում է ավելանալ միկրոցեֆալիայի դեպքերի թիվը։ Զիկա վիրուսով վարակված մայրերից ծնվում են շատ փոքր գլխով երեխաներ։ Վիճակագրության համաձայն՝ հոկտեմբերին գրանցվել է նման մոտ 4000 դեպք։ Վերջին շաբաթում թիվն ավելացել է 400-ով՝ հայտնում է BBC-ն։

Վիճակագրությունը թույլ է տալիս խոսելու Բրազիլիայի պատմության մեջ վիրուսի խոշորագույն համաճարակի մասին։ Զիկա վիրուսն անբուժելի է։ Ներկայում դրան դիմակայելու միակ միջոցը պայքարն է վիրուսակիր մոծակների դեմ։

Ինչպես հայտնում են երկրի առողջապահության նախարարությունում՝ Բրազիլիայում արդեն գրանցվել է վիրուսից նորածինների մահվան 5 դեպք։

Ահազանգում են նաև հարևան Կոլումբիայում բժիշկները, որտեղ վիրուսով հիվանդացության դեպքերը գերազանցում են 13 հազարը, և Բոլիվիայում, որտեղ վիրուսը վերջերս առաջին անգամ հայտնաբերվել էր հղի կնոջ մոտ։

Կապված վիրուսով հիվանդացության դեպքերի աճի հետ՝ անցած ուրբաթ ԱՄՆ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնը հղի կանանց խորհուրդ է տվել չուղևորվել լատինաամերիկյան երկրներ, որտեղ գրանցվել են վիրուսով հիվանդացության դեպքեր։ Նախազգուշացումը վերաբերում է Բրազիլիային,Կոլումբիային, Սալվադորին, Գվատեմալային, Ֆրանսիական Գվիանային, Հայիթիին, Հոնդուրասին, Մարտինիկային, Մեքսիկային, Պանամային, Պարագվային, Սուրինամին, Վենեսուելային և Պուերտո Ռիկոյին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: