Երկու տղամարդ էլ մահացան «խոզի» գրիպից

Jan 14, 2016 Comments Off on Երկու տղամարդ էլ մահացան «խոզի» գրիպից

Առցանց լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ H1N1 վիրուսից ևս մեկ մարդ է մահացել: Մահացածը 50-ամյա տղամարդ է:

Մահը գրանցվել է  Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում :

Հայելի.am-ը կապ հաստատեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի լրատվական ծառայության հետ: Այստեղ սակայն մեզ ոչինչ հստակ չասացին: Մեզ հետ զրույցում հերթապահ բժիշկը խնդրեց, որ ժամուկեսից զանգենք, բայց երբ պնդեցինք, որ ժամուկեսից զանգելու իմաստ չի լինի` օպերատիվության տեսանկյունից, մեր զրուցակիցը նկատեց. «Հերթապահ բժիշկն եմ, բայց ես ոչնչից տեղյակ չեմ»:

Ստացվում է` հիվանդանոցից ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին տեղեկատվությունը:

Քիչ առաջ էլ Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը  իր ֆեյսբուքի էջում գրառել է.«Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին :Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք։ 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանին պատուհասել են սուր շնչառական հիվանդությունները և խոզի գրիպից արդեն 10-րդ մարդն է մահանում:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: