Ամանորը` առանց Հայկի. մայրը հիշում է

Jan 10, 2016 Comments Off on Ամանորը` առանց Հայկի. մայրը հիշում է

«Շանթ և ընկերներ» գործով 4,6 տարվա ազտազրկաման դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը հավատում է արդարության հաղթանակին: Նա կարծում է, որ Եվրոդատարանի ուղղված քաղբանտարկյալների դիմումը անարձագանք չի մնա և կլինի արդարացի վճիռ:

«Սահմանադրությանը ասեցինք՝ ոչ, բայց անցավ: Մտածում էինք այդ բոլորից հետո Նոր տարվա շեմին գոնե համաներում կլինի, բայց դա էլ չեղավ: Համակերպվել ենք: Մեզ հպարտ ենք զգում, քանի որ Հայկը հայրենասեր է ու երբեք գլուխը չի կախել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լաուրա Պետրոսյանը:

«Գոնե խուլիգանության հոդվածը տղաների վրայից հանեն: Նրանց ճանաչողը գիտի, որ խուլիգան չեն եղել, չի սազում ու անգամ չի մոտենում այս բառը դատապարտված տղաներին»,-ընդգծեց Լաուրա Պետրոսյանը:

Նշենք, որ ազատամարտիկ, Հանրային խորհրդի անդամ  Հայկ Հարությունյանը զբաղվել հաշմանդամ ազատամարտիկների հարցերով, «Արծվաբլուր» հիմնադրամի տնօրենն էր, որը Հայաստանի տարածքով զինվորներին  աջակցելու գործնեություն էր ծավալում:

Լաուրա Պետրոսյանը տեղեկացրեց, որ որդին ՔԿՀ-ում աշխատում է: Նա ամեն կերպ   փորձում է բարձր պահել ծնողների ոգին.« Մենք արտասահմանում բարեկամներ չունենք, օգնողներ չունենք, Հայկը փորձում է մեզ նեղություն չտալ: Նա միշտ մտածել է իր ծնողների և հայրենիքի մասին: Հայկը թույլ չի տալիս անգամ տեսակցության գնաք, կամ շատ բան ուղարկենք: Նոր տարի է գալիս , բայց մենք առաջվա նման չենք տոնում: Առանց Հայկի….հասկանում եք»,-եզրափակեց մայրը:

Հայկի մայրը լավատես է: Հավատում է որդուն և վստահում նրա սկզբունքներին: Ամանորին Հայկին կհիշի նոր ծնված հասակից մինչև գիտակից տարիք, քանի որ որդին ճիշտ ճանապարհ ընտրած կերպար է:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ոչ միայն խուլիգանության հոդվածով, այլև` առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութեր ապօրինի պահելու համար: Նա դատապարտվեց 4.6 տարվա ազատազրկման:

Նշենք նաև, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ  Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու:

Լուսինե Ղազարյան

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: