Մի՞թե Ալիևը դա կարող է

Jan 05, 2016 Comments Off on Մի՞թե Ալիևը դա կարող է

Ռուսաստանը բոլոր հասանելի գործիքներն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու համար, նշվեց ՌԴ ԱԳՆ-ի` ընթացիկ տարին ամփոփող հաղորդագրության մեջ: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրավիճակի լույսի ներքո Ռուսաստանն ակտիվ դեր է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն տրամադրելու գործում` այդ նպատակով գործի դնելով բոլոր հասանելի գործիքները, այդ թվում նաև` հանդիպումները բարձրագույն և բարձր մակարդակներում,- տեղեկացրել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: Համապատասխան նախաձեռնությունները մանրամասնորեն քննարկվել են ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան և հունիսին Բաքու այցելությունների ընթացքում, ինչպես նաև ուսումնասիրվել են Հայաստանի (ապրիլին) և Ադրբեջանի (մայիսին) արտգործնախարարների Մոսկվա պաշտոնական այցերի ընթացքում»: «Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ կողմերին ուղղված հետևողական կոչ կա` հաստատելու իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը և շարունակելու աշխատանքը, որն ուղղված է համընդգրկուն կարգավորմանը առկա առաջարկների հիմքի վրա»,-նշել էր ՌԴ ԱԳՆ-ն:

Ամանորին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել է. «Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքները 2016 թվականին բանակցված կարգավորման հասնելու համար: Կողմերն ասում են, որ պատրաստ են: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:

Միջնորդներն, իհարկե, շարունակելու են հայտարարությունները` կոչ անելով կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տանել, հանդիպել, բանակցել… Բայց փորձենք հասկանալ` ի վիճակի՞ է Ադրբեջանը լրջորեն բանակցությունների շուրջ համաձայնվել այս կամ այն զիջմանը:

Տարիներ շարունակ Ալիևն իր երկրում իրականացրած քարոզչության արդյունքում ձևավորել է առասպել, որ Ադրբեջանը կվերադարձնի ամեն ինչ` Ղարաբաղով և «գրավյալ տարածքներով», ասել է, թե որքան է հզոր Ադրբեջանից իր` անվերջ բազմապատկվող ռազմական բյուջեով ու ինչպես է «ծնկի բերելու» Հայաստանին:

Բայց արդյոք ղարաբաղյան բանակցություններում, քննարկվող կարգավորման տարբերակում Ադրբեջանին «ամեն ինչ տալու» հարց է քննարկվո՞ւմ… Ո՛չ: Ի՞նչ է, հետևաբար մնում անել Ալիևին: Սահմանում լարվածություն պահպանել, այդպիսով հիշեցնել աշխարհին «պահանջատեր» ու «քաջ» Ալիևի մասին, իսկ դրան էլ զուգահեռ երկրում հստակ դիկտատուրա հաստատել:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորված լրագրող Ռաուֆ Միրքադիրովին 6 տարվա ազատազրկման դատապարտեցին դեկտեմբերի վերջին։ Դատախազը պահանջել էր լրագրողին դատապարտել 7 տարվա ազատազրկման և հաստատել ՔՕ 62-րդ հոդվածը (ավելի մեղմ պատիժ նշանակել, քան նախատեսում է այդ հանցանքը): Միրքադիրովը ձերբակալվել էր անցյալ տարի Թուրքիայում և վտարվել էր Ադրբեջան։ Նրան մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով՝ հայրենիքի դավաճանություն։ Նրան մեղադրում են Հայաստանի հետ համագործակցության մեջ։

Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունները լարված են, առավել, քան երբևէ: Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փչացնել Արևմուտքում իր կերպարը` ազատ չարձակելով քաղբանտարկյալներին, մի օր Ադրբեջանը կբախվի այդ քաղաքականության հետևանքներին, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության Մակքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Կրամերը: «Ադրբեջանի կառավարությունը շանս ուներ ճիշտ քայլ ձեռնարկելու` ազատելով քաղբանտարկյալներին: Սակայն բաց թողեց այդ հնարավորությունը: Փոխարենը, քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարմանը զուգահեռ ազատազրկման է դատապարտվել ևս մեկ լրագրող (Ռաուֆ Միրկադիրովը): Այսպիսով` իրավիճակը գնալով վատանում է», – ասել է Կրամերը:

Քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարումը Կոնգրեսում միայն կավելացնի Քրիստոֆեր Սմիթի ակտի կողմնակիցների թիվը, կարծում է Կրամերը: Նրա խոսքով, դիվանագիտությունը, հանրային քաղաքականության հնարավորությունները ցանկալի արդյունքների չեն հանգեցրել, և այս իրավիճակում այլ ելք չի մնում, քան պատժամիջոցների դիմելը: Ինչ վերաբերում է պատժամիջոցների ժամանակավոր շրջանակին, ապա Ռուսաստանի նկատմամբ Մագնիտսկու համանման ակտի քննարկումը սկսվել էր 2010-ին, բայց ընդունվել էր 2,5 տարի անց` 2012-ի վերջին: Կրամերի կարծիքով, Ադրբեջանին վերաբերող հարցում իրավիճակն առայժմ այն փուլում է, որում 2010-ին Մագնիտսկու ակտն էր: Կրամերի խոսքով, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, Սմիթի օրինագիծը կհանվի օրակարգից: Դեկտեմբերի վերջին Ալիևը ներման հրամանագիր էր ստորագրել: Ներման հրամանագիրն, ընդհանուր առմամբ, 210 մարդու է ընդգրկել: Սակայն այդ հրամանով ներում ստացած դատապարտյալների ցուցակում չկա ոչ մի «քաղբանտարկյալ», որոնց ազատումը պնդում են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Եվրոպայի Խորհուրդը և միջազգային այլ կառույցներ:

Բացի այդ, Ադրբեջանում արժեզրկման երրորդ ալիքին են սպասում: Ադրբեջանի Կենտրոնական բանկի «2016-ին դրամական և ֆինանսական կայունության քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» հայտարարության մեջ ասված է, որ տարադրամային պահուստը կրճատվել է մինչև 5 մլրդ դոլար: 2015-ի դեկտեմբերին ռազմավարական տարադրամային պահուստը կրճատվել է 1 մլրդ 245 մլն դոլարով, որովհետև դեռևս 2015-ի նոյեմբերին Կենտրոնական բանկում տարադրամի պահուստը կազմում էր 6 մլրդ 245,6 մլն դոլար:

Անցյալ դեկտեմբերին դոլարային աժիոտաժը բավականին ուժեղ էր, և բանկերի տարադրամային պահանջմունքները բավարարելու համար Կենտրոնական բանկը ծախսել է տարադրամի պահուստի զգալի մասը: Դա դարձել է 2015-ի դեկտեմբերի 21-ին մանաթի կարգավորվող լողացող փոխարժեքի անցնելու պատճառներից մեկը: Կենտրոնական բանկի ռազմավարական տարադրամային պահուստների ծավալները կրիտիկական նիշի են հասել: Ադրբեջանի Կենտրոնական բանկը չէր կարող շարունակել մանաթի կայունության պահպանման քաղաքականությունը: 2015-ի սկզբից ի վեր դիտարկվող միտումը, երբ Կենտրոնական բանկը ամեն ամիս միջինը   800 մլն դոլար էր ծախսում մանաթի պահպանման վրա (բացառությամբ 2015-ի մայիս և հունիս ամիսների), վկայում է, որ Կենտրոնական բանկն այլևս չէր կարող պահել մանաթի փոխարժեքը: Դեկտեմբերին նավթի գների անկումը, երբ մեկ բարելի գինը 40 դոլարի նիշից ցած իջավ, ավելի նվազեցրեց բնակչության, առևտրական սուբյեկտների և ներդրողների վստահությունը մանաթի նկատմամբ:

Այս իրավիճակում Ալիևը ի վիճակի է՞ երկրի ներսում հասարակությանը նախապատրաստել զիջումների Ղարաբաղի հարցում…

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: