“Պետությունը ես եմ”. հասկացրել են Նիկոլայ Ծատուրյանին

Հոկ 20, 2013 2 Comments

Արդեն առավոտյան մամուլում տարածվել էր լուրն այն մասին, որ Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին պատրաստվում են հեռացնել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Եվ հեռացման պատվիրատուն ոչ ավել ոչ պակաս՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն է։ Բանն այն է, որ Նիկոլայ Ծատուրյանը նախօրեին  «Գալա» հեռուստաընկերության եթերում սուր քննադատության է ենթարկել հոգեւոր եւ աշխարհիկ իշխանություններին՝ մասնավորապես հոգեւոր իշխանության առաջնորդին անվանելով “սատանա”։Դեռեւս առավոտյան  անհավատալի էր թվում, թե կաթողիկոսը կարող էր զանգահարել Սերժ Սարգսյանին եւ պահանջել, որ աշխատանքից ազատեն թատրոնի գեղարվեստական ղեկավարին։ Անհավատալին ամենեւին այն չէր, որ կաթողիկոսը կարող էր զանգահարել նախագահին, այլ այն, որ կաթողիկոսն այդ զանգը կատարել էր հատուկ ու կոնկրետ հրաժականի պահանջով։ Մի՞թե կաթողիկոսն այդչափ թույլ է՝ զերծ մնալու չարանալու, վրեժխնդիր լինելու մեղքերից։ Մի՞թե աշխարհիկ իշխանությունից զատված հոգեւոր իշխանության առաջնորդը կարող է մեկ հեռախոսազանգով լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ընդ որում՝ նույն աշխարհիկ իշխանությունների ձեռամբ ժողովրդական արտիստի կոչում ստացած արվեստագետին ազատել աշխատանքից։

Նիկոլայ Ծատուրյանն, անշուշտ, անհարմար հայտարարություններ է կատարել։ Նա 1988-ի երկրաշարժի տակ մնացած քաղաքին մշակութային նոր շնչառություն էր հաղորդել, հանդիսատեսին հույս ու հավատ տվել, որ այս երկրում մշակույթը դեռ փակված չէ եւ կարող է տոն լինել անգամ ամենաողբերգական քաղաքի համար։ Բայց Ծատուրյանին պետական փողեր են հատկացրել, եւ այստեղ է մեծ արվեստագետից պահանջում են ոչ թե քննադատություն իրենց հասցեին, այլ ձոներ եւ բաժակաճառեր իշխանությունների հասցեին։

Բայց արի ու տես, որ ռեժիսորն ընդունակ չի եղել այդօրինակ վարքի, որովհետեւ հանդգնություն է ունեցել կարծելու, որ պետությունը պարտավոր է լավ ներկայացումների համար վճարել, եւ սա ամենեւին նվեր ու ծառայություն չէ՝ մատուցված իրեն։ Չի բացառվում, որ իշխանությունների սրտով չէ այն հանգամանքը, որ ռեժիսորը ձեռնամուխ է եղել Մոնթե Մելքոնյանի մասին ներկայացում բեմադրելու եւ վեր հանելու նրա կյանքի որոշակի մութ էջեր, ինչի համար Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի ցանկանում գումար տրամադրել եւ երկու օր առաջ ռեժիսորին հայտնել է, որ իրենք այլեւս գումար չունեն։

Ծատուրյանի օրինակով իշխանությունը հակված է ցույց տալու, որ պետական գումար ստանալ՝ նշանակում է մինչեւ վեր կռանալ իշխանությունների առջեւ։ Ավելին, ցույց է տալիս, որ պետությանը բնավ էլ չի հետաքրքրում ո՛չ հանդիսատեսի խանդավառությունը, ո՛չ էլ Հայաստանի քաղաքներից մեկում մշակութային զարթոնքը։ Եվ ամենեւին էլ չի բացառվում, որ կաթողիկոսի պարագան այստեղ կեղծ հետք է, որովհետեւ, կրկնում ենք, երկու օր առաջ Հասմիկ Պողոսյանը հրաժարվել է ֆինանսավորել արդեն պայմանավորված Մոնթե Մելքոնյանին նվիրված նախագիծը։ Հետագա զարգացումների մասին՝ հարջորդիվ։

Մարինա Բաղդագյուլյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

2 Անդրադարձ ““Պետությունը ես եմ”. հասկացրել են Նիկոլայ Ծատուրյանին” հրապարակմանը

  1. Spartak says:

    Նիկոլայ Ծատուրյանի նման արվեստագետների մեր երկրում մատների վրա կարելի է հաշվել: Ինչ ասել է՝ ճիշտ է ասել:Ժողովրդի մեծ մասը նրա կողքին է:Հոգևոր առաջնորդը ներելու կարողություն չունի՞ , երբ լսում է ճշմարտությունը:

  2. Անուն says:

    Liovin hamazainem Spartak

Մեկնաբանել