Ռուսական «մուննաթներ» ու «բոնուսներ»

Feb 16, 2019 Չի մեկնաբանվել

Ռուսական գազի մատակարարումն իրականացվում է համաշխարհային գների համեմատությամբ արտոնյալ գնով, որը սահմանվել է պայմանագրով, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

2018թ. դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև առքուվաճառքի պայմանագրի ժամկետի ավարտից հետո ստորագրվեց պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր, որի համաձայն Հայաստանի համար 2019թ. գազի գինը սահմանվել է 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար: Հարկ է նաև հաշվի առնել, որ ռուսական արտահանողի կողմից չի իրականացվել գազի գնի վերահաշվարկ՝ կախված կալորիականությունից: Դա իրենից ներկայացնում է լրացուցիչ առևտրային զեղչ, որն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների միութենական բնույթը: Ռուսաստանի կողմից գազի մատակարարումները (տարեկան 2 մլրդ խորանարդ մետր) լիարժեք ապահովում է հանրապետության կարիքները»,- ասել է Կարասինը:

Նա միաժամանակ հավելել է, որ երկու երկրների միջև միութենական հարաբերությունները կրում են մասշտաբային բնույթ բոլոր ոլորտներում և չեն սահմանափակվում ռուսական գազի գնի ձևավորման հարցերով:

Ռուսական «մուննաթները» մշտապես շարունակական բնույթ են կրում: Կարասինի շուրթերով Մոսկվան հասկացնել է տալիս Հայաստանի իշխանություններին, որ չսպասեն նոր «բոնուսներ» Ռուսաստանից, բավարարվեն նրանով ինչ ունեն:

Սա նշանակում է, որ գազի գները ցանկացած պահի կարող են հանկարծի վերև ցատկել: Այդ անակնկալը ռուսները մշտապես կարող են մատուցել:

Իսկ որպես «բոնուս»՝ նրանք այլ ոլորտ ունեն: Կարասինի մյուս ակնարկը հենց դրան է վերաբերում, երբ նա ասում է՝ երկու երկրների միջև միութենական հարաբերությունները կրում են մասշտաբային բնույթ բոլոր ոլորտներում և չեն սահմանափակվում ռուսական գազի գնի ձևավորման հարցերով:

Երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարք է ստորագրվել։ Իսկ Ռուսաստանի կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։ Նա հաղորդել էր նաև, որ եզրափակիչ փուլում են 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջանակում սպառազինություններ առաքելու մասին բանակցությունները։

Ռուսաստանի կողմից միութենական հարաբերություններին հատուկ են թե՛ մտրակի և թե՛ բլիթի սկզբունքը: Առանց դրանց, սկզբունքորեն, Մոսկվան գործընկերների հետ հարաբերություններ չի կառուցում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ռուսական «մուննաթներ» ու «բոնուսներ»”

Մեկնաբանել