Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Feb 12, 2019 Comments Off on Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կլինի 12նախարարություն։ Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն նախարարություններ չեն դառնա, այսինքն՝ կմնան անձամբ վարչապետի ենթակայության տակ։

Այն փաստարկները, որ եթե հանկարծ այդ կառույցները դառնան նախարարություններ, ապա կքաղաքականցվեն, չեն դիմանում որևէ քննադատության, մանավանդ որ դրանք ՀՔԾ–ի հետ հիմա ամենաքաղաքականացված կառույցներն են։ ԱԱԾ–ն, ոստիկանությունը և հատկապես ՀՔԾ–ն վարչապետն օգտագործում է ինչպես քաղաքական, այնպես էլ քարոզչական ու այլ նպատակներով։ Այնպես որ, «չքաղաքականացնելու» մտադրությունը դեմագոգիա է, պարզ խաբեություն։

Քաղաքականության չքաղաքականացումը նախկինում քննադատվում էր։ Անձամբ Փաշինյանի ու իր ներկայիս թիմակիցների կողմից քննադատվում էին նաև սուպերվարչապետական լիազորությունները, որոնց մեջ ամենակարևոր հարցը վերաբերում էր հենց ԱԱԾ–ին ու ոստիկանությանը։

Վարչապետ դառնալուց հետո, սակայն, Փաշինյանը «մոռացավ» իր քննադատությունը և արեց այն, ինչը նախկինում քննադատում էր։ Այսինքն, եթե նախկինում բղավում էին «կորչի՛ սուպերվարչապետությունը», ապա հիմա «համեստորեն» հռչակում են «կեցցե՛ սուպերվարչապետությունը» կարգախոսը։

Քայլարածականները, բացի քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչից, նաև այլ «հիմնավորում» են ներկայացնում։ Ասում են՝ քանի որ հիմա կա լավ ու բարի իշխանություն, ուստի այդ սուպերվարչապետական լիազորությունները հօգուտ հանրության կօգտագործենք, իսկ նախկինում դրանք ի չարս էին օգտագործում։ Ավելի մանկամիտ, դեմագոգիկ ու ապաքաղաքական ձևակերպում դժվար է պատկերացնել։ Եվ սա այն ուժն է, որը մի ժամանակ խոսում էր ինստիտուցիոնալիզմից։ Այդ ինստիտուցիոնալիզմը սրանք հիմա փոխարինել են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ինստիտուտով, այսինքն՝ օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։ Հպարտ քաղաքացիներին առաջարկվում է կուրորեն հավատալ այդ մեկ մարդուն։

Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս ստին ու դեմագոգիային։ Որքա՞ն կդիմանա Փաշինյանի իշխանությունը։

 7or.am 

Պետրոս Ալեքսանյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: