Քոչարյանին վնասազերծելու լուրջ պատճառ կա, Փաշինյանը կիրագործի Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի ծրագիրը

Dec 12, 2018 3 Comments

«Դո՛ւք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին ,դուք մեղավոր, դո՛ւք», -ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը իր նախկին գործընկերների հետ զրույցում երկրորդ նախագահ Ռռոբերտ Քոչարյանի կալանավորման ողջ պատասխանատվությունը դրեց լրագրողների ուսերին: Փաշինյանը լրագրողներին առաջարկեց՝ 2008 թ.-ից հետո մոնիտորինգ անել ու տեսնել, թե ինչքան հոդված է գրվել Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին:

Ինչպես հայտնի է, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված: Նա այժմ կալանավորված է: Պաշտոնապես նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս մեղադրանքը Քոչարյանը, բնականաբար, չի ընդունում։ Քոչարյանի գործի և կալանավորման իրավական կողմին բազմիցս անդրադարձել ենք՝ արձանագրելով, որ այն ավելի շատ քաղաքական, քան իրավական օպերացիա է։

Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում այն կանխավարկածից ելնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, ապա այդ դեպքում պետք է սկսել 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրություններից։ Այսինքն, պետք սկսել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հասնել մինչեւ Սերժ Սարգսյան։ Սակայն սրա մասին չէ, որ պետք է խոսենք, այլ այն հիմքերի, որոնք Փաշինյանը վկայակոչում է Քոչարյանի կալանավորումը արդարացնելու համար: Ոչ ոք չի մոռացվել, որ ընդդիմության կարգավիճակում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատեհ առիթներով հայտարարում էին, որ գործող լրատվամիջոցների մեծ մասը գտնվում են Սերժ Սարգսյանի իշխանության ազդեցության ներքո, եւ , որ կատարում են քաղաքական պատվերներ: Սա նշանակում է, որ Քոչարյանի մեղավորության մասին լրագրողների նախկին հրապարակումները ըստ Փաշինյանի մտածողության՝ պատվեր էր, որն իջեցվում էր Սերժ Սարգսյանի իշխանության կողմից: Եւ ուրեմն ելնելով այն կանխավարկածից, որ լրագրողներն իրենք են մեղադրյալի աթոռին հասցրել Քոչարյանին այնքան էլ ճիշտ չէ, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հավատարիմ մնալ իր հայտարարություններին՝ ընդունելով, որ նախորդ իշխանությունն է այդպես հրահանգել: Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանն ինքն էլ կատարում է այդ իշխանության հրահանգները, կամ էլ առավել տարօրինակ է, որ թե նախկին, թե ներկայիս , չի բացառվում նաեւ ապագա իշխանության համար այս հարցում միակ թիրախը Քոչարյանն է: Եթե ինչ-որ իմաստով հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չէր կարող ինքն իր դեմ պատվեր իջեցնել, սակայն ինչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին: Կարծում ենք որեւէ մեկը չի վիճարկում, որ մարտյան իրադարձությունների շահառուն Սերժ Սարգսյանն է եւ վերջինիս գոնե կարելի է ներքաշել այս գործն թեկուզ միայն այն պատճառով, որ չի բացահայտել կարեւոր <<հանցագործուոթյուն>, որը Փաշինյանի իշխանությունն է ներկայացրել Քոչարյանին: Էլ չենք խոսում, որ նույն փիլիսոփայությամբ կարելի է նաեւ առաջին նախագահի դեմ գործ բացել: Մյուս կողմից՝ անցախ տարիներին որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ էլ գրում էին Նիկոլ Փաշինյանի՝ այս դեպքերին մեղավորության մասին, հիմա անհասկանալի է՝ ինչու որոշ լրագրողների ձայը տեղ է հասնում, որոշներինը ոչ: Մի խոսքով՝ որ անկյունից էլ նայում ես Քոչարյանին պատասխանատվության գործը ծանծաղ է ու անհիմն, բացառությամբ այն վարկածի, որ նրան վնասազերծելով գործի է դրվելու ղարաբաղյան հարցի առաջին եւ երրորդ նախագահների տեսլականը: Առաջինը բացահայտ էր հայտնում հող հանձնելու մասին, իսկ Սերժ Սարգսյանը գաղտնի բանակցություններում է քննարկել հայտնի կազանյան փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանի տեսակետը դեռ հայտնի չէ, քանի որ նա դեռ չի կարողանում վերջնականապես ձեւավորի այն, սակայն արդեն տեսանելի է, թե ինչպիսին է այն, ինչի պատճառով համախոհներին մոտ չի գնում, իսկ արցախյան խնդրի վերաբերյալ առավել քան արմատական դիրքորոշմամբ հայտնի երկրորդ նախագահին վնասազերծում է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

3 Անդրադարձ “Քոչարյանին վնասազերծելու լուրջ պատճառ կա, Փաշինյանը կիրագործի Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի ծրագիրը” հրապարակմանը