Սոֆյա Հովսեփյանը անբարոյական ու էժան բարքերի, «Իմ քայլի» ցուցակում իր տեղի մասին

Dec 07, 2018 1 Comment

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարծքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված 15 ռեյտինգային թեկնածուների միջև լարվածությունը գնալով աճում է: Շրջանառվող լուրերի համաձայն` բանը հասել է անգամ նրան, որ հեղափոխական թեկնածուները պատռում են միմյանց նախընտրական պաստառները: Նման մեղադրանքներ էին վերագրվել նաև Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի կողմնակիցներին: Նշվում էր, թե իբր փոխմարզպետի աջակիցները պատռել են արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի պաստառները: Hayeli.am-ի հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ դրանք կեղծ տեղեկություններ են, որոնք ակտիվորեն տարածվում են հատկապես վերջին օրերին և նպատակ ունեն վնաս հասցնել իր վարկանիշին. «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում եմ, որ նման բան չի կարող լինել: Ես չէի ուզենա, որ այս անբարոյական ու էժան բարքերը տեղ ունենան նոր Հայաստանի ընտրական գործընթացում: Բայց, ինչպես երևում է, մարդիկ չեն սովորել նորմալ աշխատել: Ես ամբողջ կյանքում պայքարել եմ արդարության համար` ընդդեմ տարբեր կամայականությունների: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ուղիղ մարդ եմ ու նման բաներն ինձ բնորոշ չեն»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը` կոչ անելով բոլորին վարել քաղաքակիրթ քարոզչություն: Նրա խոսքով` ինքն այս հարցը քննարկել է նաև Ֆելիքս Ցոլակյանի հետ և տեղեկացել, որ պարոն Ցոլակյանը չի հավատացել նման ստահոդ մանիպուլիացիաներին. «Լինելով լուրջ գործիչ, նաև ծանոթ լինելով իմ մղումներին` պարոն Ցոլակյանը չէր կարող հավատալ, որ ես երբևէ նման բան թույլ կտամ: Կարող եմ մի բան ասել՝ ով էլ որ արել է, պիտի հասկանա, որ անբարոյականություն է թույլ տվել»,- նշեց փոխմարզպետը:

Արձագանքելով դիտարկմանը, թե նույն ընտրատարածքում քաղաքական նույն թիմից առաջադրված 15 թեկնածուները, մասնավորապես մարզպետն ու ինքը, չե՞ն խանգարում միմյանց, եթե հաշվի առնենք, որ երկուսն էլ ընտրողին ներկայացնելու են մարզպետարանի աշխատանքը, Սոֆյա Հովսեփյանը նշեց. «Առհասարակ, իմ աշխատանքը երբեք չի հակադրվել ու չի խանգարել որևէ մեկի աշխատանքին: Ես նախընտրական հանդիպումների ժամանակ ներկայացնում եմ բացառապես իմ, մարզպետն էլ` իր աշխատանքը: Ես այնքան գործունյա մարդ եմ, որ իմ արածն առավել քան բավարար է ներկայացնելու համար: Իմ գործն արդար է, և ես հավելյալ գործեր ինձ վերագրելու կարիք չունեմ»,- նշեց թեկնածուն` միաժամանակ չթաքցնելով, որ, այնուամենայնիվ, թեկնածուների այսքան շատ քանակը մարդկանց մոտ որոշակի թյուրընկալում է առաջացնում: «Նույն քաղաքական թիմից 15 թեկնածուն մեկ ընտրատարածքի համար, երևի, իսկապես շատ է և, ստացվում է այնպես, որ ներքին մրցակցությունը դառնում է անխուսափելի: Դա բխում է «Ընտրական օրենսգրքի» ռեյտինգային համակարգի  տրամաբանությունից, որն, իմ կարծիքով, արդարացված չէ: Բայց, անկախ ամեն ինչից, անկախ թեկնածուների և քաղաքական ուժերի քանակից, այսօր մարդկանց խաբել հնարավոր չէ: Ես բոլորին մեկ բան եմ առաջարկում` բոլոր թեկնածուներին ճանաչել, գնահատել նրանց անցած ճանապարհն ու արած աշխատանքը և ընտրել արժանավորին, որովհետև խորհրդարանն արժանավորների տեղ է»,- կարծում է Սոֆյա Հովսեփյանը:

Մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Շիրակի մարզում փորձ է արվում նաև վարչական ռեսուրս կիրառել. մարզպետ Կարեն Սարուխանյանը գյուղապետերին պարտադրում է իր օգտին աշխատել. «Ես ինքս էլ այդպիսի ահազանգեր ունեմ, սակայն կոնկրետ ապացույցներ չունեմ: Անկեղծ ասած, չեմ էլ փորձել գնալ դրանց հետևից: Ես կարծում եմ` մարդկանց գիտակցությունը պիտի այնքան բարձր լինի, որ իրենք թույլ չտան, որ որևէ մեկը ճնշում բանեցնի իրենց նկատմամբ: Եթե ես՝ որպես փոխմարզպետ, որևէ գյուղապետի կամ համայնքապետի նկատմամբ ինչ-որ ճնշում բանեցնեմ, իրենք պետք է հակադարձեն ինձ, որովհետև դա կնշանակի, որ ես արատավորում եմ հեղափոխության գաղափարները»,- նշեց փոխմարզպետը:

Ինչպե՞ս ստացվեց, որ Սոֆյա Հովսեփյանը, լինելով հեղափոխության ակտիվ մասնակից,  հայտնվեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի ամենավերջին տեղերում, այն դեպքում, երբ այլ փոխմարզպետներ ու փոխնախարարներն ավելի առաջատար դիրքերում են. «Ինձ հետ այդ հարցը չի քննարկվել,  չեմ կարող ասել` ինչն է ազդել այդ որոշման վրա: Ես չեմ բարձրացրել այդ հարցը և չեմ քննարկել, թե ինչու եմ ցուցակում 144-րդը: Այդ հարցին գուցե անդրադառնամ ընտրություններից հետո»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Սոֆյա Հովսեփյանը անբարոյական ու էժան բարքերի, «Իմ քայլի» ցուցակում իր տեղի մասին” հրապարակմանը

  1. ԱնունAGOB says:

    AHAVASIK KAYLER ZIRAR YN PZKTUM ARTEN HAYDNI A INJ VAYRENIR YN ?
    I