Հայկ Մարությանը «դուխով» ծախսեր է անում

Dec 06, 2018 Comments Off on Հայկ Մարությանը «դուխով» ծախսեր է անում

Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանը որոշել է Հանրապետության Հրապարակում 71 մլն դրամ արժողությամբ շքեղ տոնածառ տեղադրել: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հանրապետության հարապարակի գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից: Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը Հակոբ Կարապետյանը, տեղեկացրել է, որ 71 մլն դրամը հատկացվել է միայն տոնածառի համար, իսկ Նոր Տարվա տոնական միջոցառումների ծախսերը դրա մեջ չեն մտնում: Տոնական միջոցառումների համար հավելյալ ծախսեր կպահանջվեն:
Երևանի քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամը կամ մոտ 150,000 դոլարը նոր տոնածառի համար շա՞տ է, թե՞ քիչ:Տարբեր մոտեցումներ կան:Անշուշտ, Երևանն ու երևանցին արժանի են ամենաճոխ տոնական միջոցառումների, և լավ կլինի, որ Երևանը որևէ բանով ետ չմնա աշխարհի մյուս մայրաքաղաքներից:
Բայց կա խնդիրների առաջնահերթություն և եթե խնդրին մոտենանք այս տեսանկյունից, ապա երևանցին  տոնածառից առաջ, արժանի է նաև քաղաքակիրթ տրանսպորտի, նորոգված ճանապարհների, աշխատող վերելակների, կանաչապատ տարածքների, մի խոսքով այս ցանկը կարելի է անվերջ  շարունակել:
Ի՞նչ առաջնահերթությամբ է որոշվել 71 մլն դրամ հատկացնել տոնածառին, եթե օրինակ, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի դպրոցներում  մանկավարժներն ստանում են չնչին` նվազագույնին համրաժեք աշխատավարձ:
Եվ վերջապես, արժե հիշեցնել, որ նախկին իշխանություններին, նույն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին այս կարգի ճոխությունենրը չէին ներվում: Հանրությունն ու ավագանու ընդդիմադիր թևը  մանրադիտակի տակ էր պահում համայնքային բյուջեի այսօրինակ ծախսերը: Ի դեպ, նկատենք, որ Երևանի Նոր տարվա միջոցառումները նախկինում երբեք այսքան թանկարժեք չեն եղել: Համեմատության համար նշենք, որ նախկին տոնածառը, որը տեղադրվել է դեռ 2005 թվականին արժեցել է մոտ 13 միլիոն դրամ, որը ներառել է տոնական զարդարանքի, լույսերի և այլ ատրիբուտների ծախսերը մասին վերցրած: Բուն տոնածառը նախկինում հավաքվում էր սանիտարական հատումներից գոյացած  բնական եղևենու ճյուղերից: Այսինքն` դրանք բերվում էին ոչ թե հեռավոր Մոսկվայից, ինչպես որ արվելու է այժմ, այլ հայրենի Իջևանի կամ Դիլիջանի անտառներից:

Օրինակ 2013-ին տոնական միջոցառումների ու ծրագրերի համար համայնքային բյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 60 միլիոն դրամ: 2014-ին այդ գումարը կազմել է 48 միլիոն:
2015, 2016 թվականներին մայրաքաղաքում տոնածառերի տեղադրման և ձևավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով Երևանի բյուջեից հատկացվել է շուրջ 22 միլիոն դրամ, որից մոտ 23 մլնը  հատկացվել է Հանրապետության Հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ու ձևավորման համար:Ընդ որում, նախկինում կար ձևավորված հանրային կարծիք, թե նշված գումարները շատ մեծ ծախսեր են 30 տոկոս աղքատություն ունեցեղ երկրի համար:
Փաստորեն, Հայկ Մարությանը, որը քաղաքապետ է դարձել հեղափոխության շնորհիվ, ճոխ ու շռայլ ծախսեր անելու հարցում շատ «դուխով» է և այս առումով միանգամից գերազանցեց նախորդ կոռումպացված իշխանություններին:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: