Երևանի վրայով ընդդեմ Մոսկվայի. Մինսկի և Բաքվի խաղը բացահայտվում է

Nov 17, 2018 Comments Off on Երևանի վրայով ընդդեմ Մոսկվայի. Մինսկի և Բաքվի խաղը բացահայտվում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նոյեմբե­րի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախա­գահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնա­կան հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազ­րույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վե­րաբերող հարցեր: Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մա­սին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ ադրբեջանական գլխավոր լոբ­բիստներն են, և նրանք են փորձում օգտագործել առիթն ու Հայաստանից վերցնել քվոտան, որը դեռևս մինչև 2020 թվականը պետք է պատ­կանի Հայաստանին: Ռուսաս­տանն այդ կապակցությամբ առայժմ լռում է:

Նիկոլ Փաշինյանը հայտարա­րում է, որ Հայաստանը մտա­դիր է պահել քվոտան: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում երեկ այդ մասին հայ­տարարել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Օրերս այդ հարցի շուրջ բավականին բուռն և սիրա­ռատ մտքեր էին փոխանակել Լուկաշենկոն ու Ալիևը, որոնք նոյեմբերի 19-ին կհանդիպեն Մինսկում: Իսկ մինչ այդ, ամեն մեկը մյուս երկրի դեսպանին էր հրավիրել և սեր խոստովանել՝ առ Բելառուս և առ Ադրբեջան: Եվ ահա, դրանից հետո տեղի են ունենում Պուտինի հեռա­խոսազրույցները Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Ո՞ւմ է Պուտինը համոզել զիջել, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ՀԱՊԿ ղեկավարնե­րի հավաքին ընդառաջ, որ­տեղ, ըստ Աստանայի վեհաժողովում արած հայտարարու­թյան, պետք է լուծվի հարցը:

Չի բացառվում իհարկե, որ հարցն այնտեղ էլ չլուծվի: Ի վերջո, կա նախադեպ: Նույն Յուրի Խաչատուրովի նշանակ­ման հարցը վեհաժողովից վե­հաժողով անցավ ավելի քան մեկ տարի: Մյուս կողմից, սա­կայն, այստեղ խնդիրն այլ է. ՀԱՊԿ-ում Հայաստանը հարցը դրել է, այսպես ասած՝ կողով, այսինքն՝ այն իմաստով, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն լուրջ կազմա­կերպություն, ռազմաքաղաքական բլոկ է, թե ոչ: Գլխավոր քարտուղարի հար­ցը Հայաստանը դնում է այս համատեքստում, այսինքն` ոչ թե Հայաստանի, այսպես ասած, արժանապատվության կամ «թասիբի», այլ ՀԱՊԿ բո­վանդակության և լրջության: Ըստ այդմ՝ մերժել Հայաստանին, նշանակում է վերահաս­տատել, որ ՀԱՊԿ-ն անլուրջ կառույց է:

Մյուս կողմից, եթե ժամանակ ձգվի, ապա կաս­կած չկա, որ Հայաստանն էլ հե­տո տորպեդահարելու է Բելառուսի, այսպես ասած, թեկնա­ծուներին, երբ հերթը գա Մինսկին: Պուտինը, խոշոր հաշվով, հասկանում է, որ խնդիրն այս­տեղ է: Մյուս կողմից՝ նա երևի թե հասկանում է, որ եթե այժմ զիջում է Մինսկին ու Աստանային, ապա դրանով ոչ միայն մնում է Հայաստանի «պարտքի տակ», այդ բառակապակցու­թյան ռազմաքաղաքական իմաստով, այլ, ըստ էության, Մինսկն ու Աստանան արձանագրում են Մոսկվայի նկատ­մամբ հերթական հաղթանակը:

Ռուսաստանը տարիներ շա­րունակ ՀԱՊԿ-ն դիտարկել է որպես հետխորհրդային երկրների հետ իր երկկողմ հարաբերության հարթակ՝ ուշադրու­թյուն չդարձնելով այդ բլոկի հավաքականության խնդրի վրա»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: