Որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է. Կապանի քաղաքապետ

Oct 23, 2018 Comments Off on Որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է. Կապանի քաղաքապետ

Տեղեկություններ տարածվեցին այսօր, որ Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին: Սակայն Փարսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը, միևնույն ժամանակ, չբացառելով ակտիվ համագործակծությունը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի թիմի հետ:

«Ինձ ո՛չ ՔՊ-ն, և ոչ էլ այլ կուսակցություն դեռ չի առաջարկել անդամագրվել իրենց մոտ, ոչ էլ խոսակցություն է եղել այդ թեմայով»,- նշեց Գևորգ Փարսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում անդամագրվի ՔՊ-ին, Կապանի նորընտիր քաղաքապետը բացառեց. «Համագործակցելը կհամագործակցեմ, բայց չեմ անդամագրվի: Իսկ ինչ վերաբերում է «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի հետ հարաբերություններին, կարող եմ ասել, որ նորմալ շփման մեջ եմ, ծանոթ ենք մենք պարզապես»:

Գևորգ Փարսյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Կապանում հաղթանակ է տարել իր հարազատների՝ նախկին իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ:

«Կապանն այնքան էլ մեծ քաղաք չէ և այստեղ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են: Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Այստեղ կարող են լինել ընկերներ և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ ՀՅԴ-ից, և՛ ԲՀԿ-ից, ամեն տեղից ու դա նորմալ է: Դա չի նշանակում քաղաքական համագործակցություն, դա ընկերություն է: Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ու սա իմ առաջին քայլն է: Այնպես որ՝ որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է»,-մանրամասնեց Գևորգ Փարսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: