Նրա կյանքը վտանգված է․ Բաքվում բանտարկված ազգությամբ հայ Մարատ Ուելդանովի քրոջ խոսքով՝ եղբորն առանց հիմնավորման են պահում Ադրբեջանում

Oct 20, 2018 Comments Off on Նրա կյանքը վտանգված է․ Բաքվում բանտարկված ազգությամբ հայ Մարատ Ուելդանովի քրոջ խոսքով՝ եղբորն առանց հիմնավորման են պահում Ադրբեջանում

Բաքվում բանտարկված ազգությամբ հայի Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատական գործին վերաբերող բոլոր գործընթացներն ավարտվել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա քույրը՝ Մարիանա Միրզոյանը:«Հիմա մենք սպասում ենք՝ երբ ադրբեջանական կողմը թույլ կտա, որ նա իր չկատարած հանցանքի պատիժը կրի Ռուսաստանում», – ասաց նա:

Ըստ նրա՝ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի արդարադատության նախարարը փաստաթղթեր է փոխանցել Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որ եղբորը տեղափոխեն:

«Արդեն մեկ տարի է՝ նրանք մտածում են՝ Մարատին տեղափոխե՞ն, թե՝ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը խելամիտ չի համարում փոխադրել իր եղբորը Ռուսաստան՝ այնտեղ իր պատժի կրումը շարունակելու համար, – «ընդ որում՝ չի ներկայացնում մերժման պաշտոնական հիմնավորումը»:

Մարիանա Միրզոյանը պատմեց, որ Բաքվում Մարատ Ուելդանով-Գալուստյանին թույլ են տալիս ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսել՝ շաբաթվա մեջ երկու անգամ:

«Նա շատ է հոգնել, ցանկանում է Ռուսաստան վերադառնալ, որ տեսնի իր ծնողներին։ Նրա առողջությունը շատ է վնասվել: Ամբողջ սեպտեմբեր ամիսը նա ջերմություն է ունեցել, սկզբից ատամի պատճառով նրա դեմքն է ուռել, ջերմություն է ունեցել: Երկար ժամանակ նա դիմացել է ատամի ցավին, հետո հիվանդացել է, բուժել են բրոնխիտը, և այդ ամբողջն ուղեկցվել է ջերմությամբ, հարբուխով, հազով և ականջների ցավով: Իմ խնդրանքին՝ Մարատին տեղափոխել ստացիոնար բուժման և բուժել նրան բժշկի վերահսկողությամբ, այդպես էլ դրական չպատասխանեցին: Ինձ ասել են, որ եղբորս առողջական վիճակը բավարար է: Նրա մոտ այսօրվա դրությամբ մնացորդային հազ կա», – ասաց նա:

Հարցին, թե ինչ են անում Ռուսաստանի պատկան մարմինններն իրենց քաղաքացու շահերը պաշտպանելու համար՝ Մարիանա Միզոյանը պատասխանեց՝ իր կարծիքով՝ ոչինչ:

«Եթե ինչ-որ բան անեին, ինչ-որ արդյունք կլիներ: Իսկ քանի որ արդյունք չկա, հետևություն եմ անում, որ չեն աշխատում: Անգամ ի վիճակի չեն լուծելու Մարատի՝ Ռուսաստանում պատժի կրումը իրագործելու հարցը, հանցանքի, որը ինքը չի էլ գործել: Ես ստանում եմ շաբլոն պատասխաններ իմ հարցերին», – ասաց նա:

Պատճառը, ըստ նրա, այն է, որ բոլոր «չինովնիկները» անտարբեր են հասարակ մարդկանց ճակատագրերի նկատմամբ: «Ես միայն Մարատին նկատի չունեմ: Մենք մեր խնդիրներով խանգարում ենք նրանց «աշխատել»: Ես մեկ անգամ չէ, որ եղել եմ նախագահի աշխատակազմում, ՄԻՊ-ի գրասենյակում կամ արդարադատության նախարարությունում և տեսել բոլոր այդ չինովնիկների դեմքերը: Իրենց համար դա, ցավոք սրտի, սովորական աշխատանք է․ վերցնում են քեզնից դիմումները, իսկ հետո ուղարկում են շաբլոն պատասխաններ», – ասաց նա` խնդրելով ՌԴ ՄԻՊ-ին և արդարադատության նախարությանը Մարատին՝ իրենց քաղաքացուն, պաշտպանելու գործընթացում նախաձեռնողականություն դրսևորել, – «նրա կյանքն իսկապես վտանգված է»:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016թ․ հունիսի 9-ից ձերբակալվել և անազատության մեջ էր պահվում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով:

Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովն Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, ապա Բաքվում նա երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: