Նոր մանրամասներ՝ Երևանում կատարված ավազակային հարձակման դեպքից

Oct 15, 2018 Comments Off on Նոր մանրամասներ՝ Երևանում կատարված ավազակային հարձակման դեպքից

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։

2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեղագործը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի արտաքին տվյալների վերաբերյալ և անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

14.10.2018թ. վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կասկածյալը, ով Երևանի բնակիչ է, ծնված՝1997 թվականին:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, դանակ, 5.000 ՀՀ դրամի մետաղադրամների կապոց, որը, քննության տվյալներով, հափշտակվել էր դեղատնից:

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ, նրա մասնակցությամբ կատարվել դեպքի վայրի զննություն:

Նույն օրը՝ 14.10.2018թ., կասկածյալի եղբայրը ներկայացրել է նաև MP-654K մոդելի T12049377 համարի ատրճանակը, որը, ըստ հայտարարության, դեպքի օրը գտնվել է 21-ամյա երիտասարդի մոտ։

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: