Պարզվել է Lexus-ի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oct 02, 2018 Comments Off on Պարզվել է Lexus-ի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 30-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Lexus-ը վարել է Ղարիբ Մանուկյանը, իսկ ուղևորը եղել է 30-ամյա Վահագն Ջակինյանը, ովքեր տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Վ. Ջակինյանը գիտակցության չգալով՝ մահացել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 30-ին մահվան ելքով ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01:40-ի սահմաններում Lexus մակնիշի 35 RX 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանն ու հետաքննիչ Հակոբ Սողոյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: