Վարույթ կիրականացվի. ԿԸՀ նախագահը՝ «լռության օրը» ասուլիս հրավիրելու եւ հեռախոսազանգի վերաբերյալ

Sep 24, 2018 Comments Off on Վարույթ կիրականացվի. ԿԸՀ նախագահը՝ «լռության օրը» ասուլիս հրավիրելու եւ հեռախոսազանգի վերաբերյալ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց,որ Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԿԸՀ-ն նախապես տեղեկացել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները ցանկանում են լռության օրը  մամուլի ասուլիս հրավիրել, եւ փորձել են կանխել այն:

«Մենք զանգահարել ենք եւ հորդորել  չիրականացնել նման ասուլիս: Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ զանգահարել են, արդեն ասուլիսը մեկնարկել էր, և զրույցը չի կայացել:

«Դրանից հետո ասուլիսին որոշակի գնահատականներ հնչեցին, որոնց մասին ձեռնպահ կմնամ տեսակետ ներկայացնելուց: Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Նաիրա Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ այդ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք: Այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, բայց որպես այդպիսին արարքն արդեն ավարտված էր»,-ասաց Մուկուչյանը:

« ԿԸՀ-ն նախնական աշխատանքային քննարկում է կազմակերպել:Իմ մոտեցումն այն էր, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի, բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, հետեւաբար, վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, որտեղ կողմերը պետք է գային, ներկայացնեին տեսակետներ: Ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ մենք ինքներս, կարող էինք դառնալ մի հարթակ, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ քվեարկության օրը ձեռնպահ են մնացել հարցի քննարկումից, իսկ հետագայում նախատեսում են այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել:

«Երբ նման քարոզ է տեղի ունենում անկախ նրանից, թե Ընտրական հանձնաժողովները կազմում են արձանագրություն, թե ոչ, կողմը կարող է ուղղակի դիմել վարչական դատարան»,-ընդգծեց նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: