«Տեսանելի է, որ կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը». Զարուհի Փոստանջյան

Sep 23, 2018 Comments Off on «Տեսանելի է, որ կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը». Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քվեարկությունը կատարեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան 149 դպրոցում տեղակայված թիվ 4/8 ընտրական տեղամասում: Լրագրողների հարցին, թե այս ընտրությունները հեղափոխությունից հետո իրենց որակով տարբերվում են նախորդներից, Փոստանջյանը նշել է. «Նախ, պետք է ասենք, որ դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել: Գործող իշխանությունը, այն պարտականությունը որ ստանձնել է՝ արդար, թափանցիկ ընտրություն անցկացնելու, հիմա քննությունն է տալիս: Սպասում ենք, տեսնենք՝ ինչպես է իշխանությունը հանձնելու քննությունը»:

Նա ասել է, որ իշխանության ձեռքում են այն լծակները, որոնց միջոցով պետք է կանխվեն ընտրակեղծիքներն ու ապօրինությունները: Հանրությունն էլ իր հերթին, ըստ Փոստանջյանի, պետք է պայքարի դրա դեմ, ընտրակաշառք չվերցնի:

«Երբ երկիրը քանդված է, համատեղ պետք է աշխատել, բոլորը պետք է վերականգնողական աշխատանքներ իրականացնեն: Այսօր տեսանելի է, որ կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը: Հետևաբար, ես կցանկանայի, որ մենք ներկայացված լինեինք Երևանի կառավարմանը, մեր ներկայությունը լիներ հենց բազմազանության միջոցով և բոլորիս ուժերի կոնսոլիդացման միջոցով: Չի կարող մի խմբակ, մի մարդ իրականացնել և վարչապետի լիազորությունները, և քաղաքապետի, և պաշտպանության նախարարի: Մենք պետք է ունենանք շատ մրցունակ կառավարում և մրցունակ կառավարություն: Իսկ դա կարող է այս պահին կազմված լինել ազգի բոլոր հատվածների լավագույն ներկայացուցիչներից: Մարտահրավերների լուծումը պահանջում է  համազգային կոնսոլիդացում, ոչ թե բաժանում ինչ-որ խմբակների կամ բևեռների»,- տեղեկացրել է նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: