Հայկ Մարությանը հրաժարվում է հարցազրույցից և ձգձգում բանավեճը

Sep 20, 2018 Comments Off on Հայկ Մարությանը հրաժարվում է հարցազրույցից և ձգձգում բանավեճը

 «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր էլ չի մասնակցի բանավեճի, ոչ էլ հյուր կգնա «Երկրի հարցը» հաղորդմանը։ Նա ողջ քարոզարշավի ընթացքում խուսափեց բանավեճերից և հարցազրույցներից՝ պայման դնելով, թե մինչև բոլոր ուժերի թեկնածուները չգան, ինքը չի մասնակցի որևէ բանավեճի։ Նա համառորեն հրաժարվում է որևէ հաղորդման հյուր գնալուց կամ որևէ ֆորմատով բանավեճի մասնակցելուց։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի հարցը» հաղորդաշարի վարող Դավիթ Սարգսյանը երկու օր առաջ գրառում էր կատարել ֆեյսբուքում, որով պաշտոնապես հրավիրում էր բոլոր թեկնածուներին՝ մասնակցելու բանավեճի, որը կարող են կազմակերպել իրենց հաղորդման շրջանակներում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյան էլ արձագանքել էր, թե այդ մասով շուտով նորություն կունենանք։ Բայց նորությունը կարծես դեռ ուշանում է, իսկ քարոզարշավը մոտենում է ավարտին։ Տպավորություն է, թե Մարությանը որդեգրել է Տարոն Մարգարյանի գործելաոճը, որը շատ էին քննադատում նախկին ընդդիմադիրները՝ անցկացնել միայն բակային հանդիպումներ, որոնցում ինքը կլինի մաքսիմալ «կոմֆորտ» վիճակում և չմասնակցել որևէ ուղիղ բանավեճի կամ հարցազրույցի։
Դավիթ Սարգսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ջանքերը ապարդյուն են անցել, Հայկ Մարությանը այսօր էլ չի գա իր հաղորդմանը հյուր, փոխարենը «Երկրի հարցը» հաղորդման այսօրվա եթերում կլինի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Սրբուհի Ղազարյանը։

Սարգսյանի խոսքով՝ իր համար սկզբունք է, որ քարոզարշավի ընթացքում իր հաղորդմանը հյուրընկալվեն մասնակցող ուժերի հենց առաջին համարներին։ Եվ միակ ուժը, որն իր առաջին համարին չի ուղարկում, «Իմ քայլը» դաշինքն է։ «Ես տևական ժամանակ փորձում էի այնպես անել, որ իրենց առաջին համարը գար՝ ասելով, որ բոլոր առաջին համարներին եմ կանչում, ՔՊ-ի խոսնակն ինձ ասաց, որ Հայկ Մարությանը նախընտրում է բակային հանդիպումների ձևաչափը, և հեռուստահարցազրույցներ չի տալիս»,-ասաց Դավիթ Սարգսյանը։

Նա փորձել է ապահովել Հայկ Մարությանի պայմանը՝ հրավիրել մյուս ուժերի թեկնածուներին, որ ինքն էլ գա և մասնակցի այդ բանավեճին, և կարծես թե բոլորն էլ համաձայնել են, իսկ Մարությանից դեռ որևէ արձագանք չկա։ Նա կարծես ամեն գնով ձգձում է բանավեճին իր մասնակցությունը՝ թողնելով վերջին պահին։

ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանն էլ մեզ ասաց, որ Հայկ Մարությանը բանավեճի կմասնակցի, չի խուսափում, իսկ թե որտեղ, ինչ ձևաչափով, չմանրամասնեց․ «Էդ արդեն, ինձ թվում ա, վաղը պարզ կլինի։ Կան մանրամասներ, որոնք ճշտման փուլում են»։ Միայն ասաց, որ կլինի շատ ավելի լայն բանավեճ։ Նշենք, որ բանավեճի կազմակերպելու առաջարկով հանդես էր եկել նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Թե որտեղ կանցկացվի այս բաղձալի բանավեճը Մարությանի մասնակցությամբ, դեռևս պարզ չէ։

Դիտարկմանը, թե նախկինում էլ Տարոն Մարգարյանն էր մշտապես խուսափում բանավեճերից ու քննադատվում էր դրա համար, Կոստանյանին դուր չեկավ այս համեմատությունը․ «Ինձ թվում ա՝ Տարոն Մարգարյանի և Հայկ Մարությանի համեմատություններն անտեղի են»։

Մանրամասները՝  Հրապարակ-ում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: