Գաղտնալսման փաստը «չափազանց վտանգավոր» կարող է համարվել մարտի 1-ի քրեական գործի ճակատագրի համար. Գևորգ Կոստանյան

Sep 19, 2018 Comments Off on Գաղտնալսման փաստը «չափազանց վտանգավոր» կարող է համարվել մարտի 1-ի քրեական գործի ճակատագրի համար. Գևորգ Կոստանյան

Ընդհանրապես քրեական գործերով ու, մասնավորապես, մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործերով ցանկացած միջամտություն կասկածի տակ է դնում դրա օբյեկտիվությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցի հետևանքներին։

Նրա խոսքով՝ գաղտնալսման փաստը «չափազանց վտանգավոր» կարող է համարվել քրեական գործի ճակատագրի համար։

«Եթե առերևույթ հիմքեր կան ենթադրելու, որ գործի քննությանը միջամտություններ են տեղի ունենում, ապա դա մեխանիկորեն ամբողջ քրեական գործի օբյեկտիվությունն է կասկածի տակ դնում։ Այլ հարց է, թե ում կողմից են միջամտություններ կատարվում և ինչպես, դա կքննարկվի հետո», – ասել է Գևորգ Կոստանյանը։

Պատգամավորը հստակեցրեց՝ եթե գաղտնալսված ձայնագրության քննությունից հետո պարզվի, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու փուլում տեղի է ունեցել միջամտություն, ապա այդ քրեական գործով կարելի է սպասել արդարացումներ։

«Եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ հնարավոր է՝ այս քրեական գործերի նախաքննության փուլում տեղի է ունեցել միջամտություններ, ապա դա մեխանիկորեն հանգեցնում է ամբողջ քրեական գործի օբյեկտիվությանը։ Հետևաբար վտանգ կա, որ ամենաապացուցված լինելու պարագայում անգամ մենք կարող ենք ունենալ արդարացումներ՝ թե ներպետական մակարդակում, թե միջազգային իրավական ատյանների որոշումների հիման վրա»,- ասել է Կոստանյանը՝ նկատելով, որ խոսքն այս դեպքում կարող է վերաբերել նաև մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: