Փարիզում Նիկոլ Փաշինյանը տուրք է տվել պոպուլիզմին

Sep 17, 2018 Comments Off on Փարիզում Նիկոլ Փաշինյանը տուրք է տվել պոպուլիզմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկաներին դիմել է «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ» արտահայտությամբ: Փաշինյանը բացատրել է, որ դա Հայաստանում տեղի ունեցած թաշյա հեղափոխությունից հետո դա ամենաարդարցված դիմելաձևն է Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին: «Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետև անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները, և ովքեր՝ Հայաստանից դուրս ապրողները: Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, և ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, որովհետև քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ և գտնվելու վայր: Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության և քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետև Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է և բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է և բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ ներկաների հայացքները տեսնելիս` նկատում է, որ նրանք իսկապես վայելում են հաղթանակը:

Անշուշտ, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները լրջագույն աջակցություն են ցուցաբերել հեղափոխությանը, ապրել են հաղթանակի բերկրանքն ու ցնծությունը: Կասկածից դուրս է նաև, որ աշխարհասփյուռ հայությունը անկեղծ ցանկություն ունի Հայաստանը տեսնել հզոր ու զարգացած, ժողովրդավար ու հարուստ: Սակայն այդքանով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը հայության այն հատվածի համար, ովքեր ՀՀ քաղաքացի են ոչ միայն գիտակցությամբ ու զգացողությամբ, այլ նաև կարգավիճակով, առաջին պարտավորությունների մի ամբողոջություն է: Եթե վարչապետը հայտարարում է,ո ր ՀՀ քաղաքացիությունը չի որոշվում անձնագրով, դա իրականում գիտակցություն է, և որևէ նշանակություն չունի՝ ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, ապա նա անուղղակի ճանապարհ է ցույց տալիս մեզ՝ Հայաստանում գտնվող և ՀՀ անձնագրով պարտավորությունների մի ողջ բեռ ստանձնած հայերիս, հեռանալ Հայաստանից և օտար ափերում ավելի ապահով կյանք գտնել:

Իսկ ինչո՞ւ ոչ՝ Հայաստանը կարելի է սիրել նաև Հայաստանից դուրս, կարելի է՝ ՀՀ բյուջեն հարկեր չվճարելու փոխարեն, այլ պետության բյուջեն լցնել, կարելի է ՀՀ բանակում չծառայել, բայց հայրենասիրության մասին բարձրագոչ ճառեր ասել, ՀՀ-ում ապրելու ամենօրյա կենցաղային խնդիրների տաք ճռռալու փոխարեն՝ տարին մեկ-որկու ամսով որպես տուրիստ գալ Հայաստան: Ինչ կա որ, եթե տարբերություն չկա, կարելի է նաև այդպես: Պարզապես այդ դեպքում այս փոքրիկ հողակտորը, որը դեռ կոչվում է Հայաստանի և Արցախի Հանրապետություն, այլևս գոյություն չի ունենա, և մենք՝ աշխարհով մեկ ապրող 12 մլն հայերս, ՀՀ քաղաքացիությունը կշոշափեն որպես վիրտուալ զգացողություն: Իրականում, եթե ՀՀ քաղաքացիությունը լիներ գիտակցություն, ապա Հայաստանից դուրս ապրող հայերը իրենց որդիներին կուղարկեին բանակ, ինչպես որ անում են, օրինակ, Իսրայելից դուրս ապրող շատ հրեաներ: ՀՀ-ում ապրող և ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիները, որպես պարտականություն, բանակ և պետություն են պահում, և ոչ մի դեպքում չի կարելի հավասարության նշան դնել նրանց և Հայաստանը հեռվից սիրող մեր հայրենակիցների միջև: Նիկոլ Փաշինյանը, ով իր որդուն վերջերս է բանակ ուղարկել, շատ լավ է հասկանում այս նուրբ տարբերությունը, պարզապես պոպուլիզմին տուրք տալը դժվար է, քաղաքական էժան դիվիդենտներ և ծափեր ստանալու գայթակղությունը տարել է նրան:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: