Ինչ է բերում Անկարայից Լավրովը Արցախի ու Նախիջևանի համար

Aug 16, 2018 Comments Off on Ինչ է բերում Անկարայից Լավրովը Արցախի ու Նախիջևանի համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին:

Ինչպես հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում կողմերը քննարկել են հակամարտությունների, այդ թվում սիրիական և ղարաբաղյան, խաղաղ լուծման ընդհանուր մոտեցումները:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև բարձր է գնահատել, որ Թուրքիան հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն ու Թուրքիան անկախ քաղաքականություն են վարում:

Ռուսաստան-Թուրքիա ջերմացման վերջին փուլում ԼՂ խնդրին անդրադարձն իհարկե, կարող է հետևանքներ ունենալ: Միայն այն փաստը, որ Անկարան ու Բաքուն հենց Ռուսաստանին են համարում ԼՂ խնդրի կարգավորման հիմնական դերակատար՝ դա արդեն բավարար է, որպեսզի պատկերացնել, թե որոշակի պայմաններում ինչպես կարող է Մոսկվան արձագանքել Անկարայի և Բաքվի սպասելիքներին:

Ընդ որում, երբ դեռ Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպումը չի նշմարվում՝ Բաքուն արդեն իսկ դրել է հոգեբանորեն հայկական կողմին ճնշելու հիմքերը: Օրեր առաջ Բաքուն հայտարարեց, որ ԼՂ կարգավորման հիմնական նախապայման է համարում «տարածքների ազատագրումը»: «Միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հակամարտության կարգավորումը պետք հիմնվի հենց այս առանցքային սկզբունքների վրա», ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ կարգավորման փուլային տարբերակը, որն առաջակել են Մինսկի խմբի համանախագահները, բոլորին հայտնի է:

Մամեդյարովն ընդգծել է, թե Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներն իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս նշել են ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին: Կարգավորման գործընթացն առաջ տանելու համար Ադրբեջանի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում «առարկայական բանակցությունների» ակտիվացումը գործող ձևաչափի և օրակարգի շրջանակներում: Մամեդյարովը նաև հավելել է, թե ինքն ու իր հայաստանցի պաշտոնակիցը պատրաստ են շարունակել առարկայական բանակցությունները:

Հիշեցնենք, որ Բրյուսելում, հուլիսի 11-ին, կայացել էր ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, որը Մամեդյարովը դրական էր գնահատել, նույնիսկ հայտարարել էր, թե Զոհրաբ Մնացականյանն ավելի արհեստավարժ դիվանագետ է, քան Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ռուսաստանը, որպես ղարաբաղյան կարգավորման հիմնական մոդերատոր, չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել», ՏԱՍՍ գործակալության այս հարցին ի պատասխան, Մամեդյարովը միայն նշել է․ «Ադրբեջանը բաց է երկխոսության համար, սակայն բանակցությունները պետք է առարկայական և պատասխանատու լինեն, որոնց նպատակը արդյունքի հասնելն է»։ Իսկ «արդյունք» ասելով՝ Ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի «ադրբեջանական տարածքների դեօկուպացիան»: «Հենց այդ տարածքները չազատելն է, որ խոչընդոտում է խնդրի կարգավորմանը»,- ասել է Մամեդյարովը, հավելելով՝ վստահ է, որ եթե այդ տարածքների խնդիրը լուծվի, «մնացած բոլոր հարցերը հեշտ կարգավորվող են, տեխնիկական բնույթի, և դրանց շուրջ համաձայնության գալը դյուրին կլինի»:

Անկարան, վստահաբար, Բաքվի շահերն առաջ պետք է տանի նաև Մոսկվայի հետ իր հարաբերություններում ջերմացման ֆոնին: Անկարայի ու Բաքվի սպասումների առումով այս փուլում Հայաստանն ու Արցախը կարող են հայտնվել լուրջ բարդություններում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: