Քոչարյանին չհանձնեցին

Aug 15, 2018 Comments Off on Քոչարյանին չհանձնեցին

Եվ այսպես. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ անգամ գրավ չի կիրառվել, ոչ էլ դերակատարում են ունեցել 46 ԱԺ պատգամավորների միջնորդությունները: Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ նա անձեռնմխելի է, և դատարանը հիմնավոր է համարել հենց այս իրավունքը:Անձը չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարման ընթացքում և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից:
Հատուկ Քննչական ծառայությունը Վերաքննիչ դատարանի որոշումը հակաօրինական է գնահատել և կոչ է արել դատախազությանը բողոքարկել որոշումը: Դատախազությունից պատասխանել են, որ որոշումն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա՝ կբողոքարկվի՞ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, թե՞ ոչ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները համոզմունք են հայտնել, որ նախաքննական մարմինը, ամեն դեպքում, կբողոքարկի դատարանի այս որոշումը Վճռաբեկ դատարանում: Միաժամանակ հավանական է համարվում, որ Քոչարյանի մեղադրանքը կկարճվի անձի անձեռնմխելիության հիմքով:
Քոչարյանի ազատ արձակումը բավականին հետաքրքիր է դարձնում հետհեղափոխական զարգացումները, ընդ որում ինչպես հեղափոխական, այնպես էլ հակահեղափոխական ճամբարներում:
Թե ինչով էր պայմանավորված երկրորդ նախագահի ազատ արձակումը, իհարկե քննարկելու և մեկնաբանելու երկարատև թեմա է: Ստեղծված իրավիճակն այս պահին կարող է գոհացնել կողմերին, այդ թվում նաև հեղափոխականներիին: Քոչարյանի ազատ արձակմամբ Նիկոլ Փաշինյանը հրաշալի իրեղեն ապացույց է ձեռք բերում՝ հայտարարելու, որ նոր Հայաստանում դատարաններն իսկապես ազատ են, և նրանց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվում: Սա իրավական պետություն և անկախ դատական համակարգ ունենալու ամենակարևոր պայմանն է, և նոր իշխանությունը փորձում է այն պահել, թեպետ մեր իրականության մեջ ամեն դեպքում դժվար է դրան հավատալ:
Մյուս կողմից սա մի վիճակ է, որը վստահաբար բավարարում է նաև Քոչարյանի կողմնակիցներին, ովքեր ի սկզբանե պնդում էին, որ նրա նկատմամբ կիրառված կալանքն անօրինական է, և նոր իշխանությունները պարզապես քաղաքական վենդետա են իրագործում:

Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը որևէ կերպ չմեկնաբանեց՝ նշելով, որ իր կողմից գնահատականներ տալը կնշանակի ուղղորդել դատական մարմիններին: Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանքին անդրադարձել էր նաև Լավրովը՝ հայտարարելով, որ նոր իշխանությունների գործողությունները չեն համընկնում իրենց հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Լավրովի այս գնահատականի, հայտարարեց, թե նոր իրողություններին հարմարվելու համար բոլորին, այդ թվում նաև ռուս գործընկերներին ժամանակ է պետք:
Տեսականորեն, սակայն, ռուս գործընկերներին Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը կարող էր հետաքրքրել զուտ ինքնապաշտպանական տեսանկյունից: Քոչարյանի դատապարտմամբ՝ ետխորհրդային երկրներում նախկին ղեկավարներին բանտարկելու նախադեպ կարող էր ստեղծվել, իսկ դա Կրեմլի ղեկավար Պուտինին և նրա ԱՊՀ գործընկերներ Նազարբաևին, Լուկաշենկոյին և մնացածին չէր կարող չհանգստացնել: Առանց այդ էլ նրանք չեն կարողանում համակերպվել ու հաշտվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մտքին, էլ ո՞ւր մնաց նախկին նախագահի դատապարտումը: Չէ՞ որ այդ իրողություններից կարող են ոգևորվել նաև իրենց հասարակությունները, ինչը նրանց ամենևին ձեռնտու չէ: Այս տեսանկյունից չի կարելի բացառել, որ Կրեմլը, թեկուզ անուղղակի, որոշակի լծակներ բանեցրել է: Օրինակ՝ Լարսի ճանապարհի մի քանի օրվա փակումը, դրան կարող էին հաջորդել նաև հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրները, հայ աշխատանքային միգրանտների հանդեպ խիստ հսկողությունը և այլն:
Ամեն դեպքում, Հայաստանի հեղափոխական իշխանությունների ալիբին անխոցելի է՝ դատարանը Հայաստանում ազատ և անկախ է:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: