Փաշինյանի ստեղծած երկու լուրջ խնդիրները

Aug 15, 2018 Comments Off on Փաշինյանի ստեղծած երկու լուրջ խնդիրները

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Այս տեղեկությունները հրապարակել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը»,- նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հաղորդագրությունում:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը։ Պարոն Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա- ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ- ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։

Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։ Պարոն Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։

Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը հայ-ռուսական հարաբերություններում վերջին թոհուբոհից հետո բարձրացրել է ՌԴ-ից սպառազինության կատարման ժամկետների հարցը, ինչը ռուսական մամուլում կասկածի տակ էին դրել, որն էլ հերքվել էր:

Պարզ է, որ մյուս խնդրահարույց հարցը կվերաբերվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, մի խնդիր, որը Ռուսաստանը բավական ցավոտ ընդունեց, եթե չասենք՝ համարեց հարված թիկունքից:

Հետաքրքրական է, որ երեկ մինչ Հայաստանի Պնախարարը Ռուսաստանում էր՝ Նազարբաևն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը:

Պարզվում է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը: Ըստ «ՏԱՍՍ»-ի՝ Նազարբաևն ասել է. «Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկվեն, սա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդրահարույց է դարձել»: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ շատ մեծ օրակարգ, մեծ ծրագրեր կան: Կան նաև խնդրահարույց բնույթի խնդիրներ, ինչպիսիք են նրանք, որոնց մասին դուք այժմ հիշատակեցիք»,- իր հերթին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսպիսով, Խաչատուրովի խնդրով՝ ՀԱՊԿ-ում խմորումների ծավալման հոտ է գալիս: Անկասկած Հայաստանն իր ներկայացուցիչը կառաջարկի, բայց արդյո՞ք ՀԱՊԿ-ականները կընդունե՞ն: Վերջին իրադարձություններից հետո՝ հազիվ թե:

Նշանակում է Երևանը երկու բարդ խնդրի առջև կկանգնի. մի կողմից նա հարված հասցրեց ՀԱՊԿ-ին, մյուս կողմից՝ կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: