Ինչ ունենք պատասխանելու Ռուսաստանին

Aug 15, 2018 Comments Off on Ինչ ունենք պատասխանելու Ռուսաստանին

Երեկ Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեցին Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան:

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ փաստաթղթի ստորագրումը համատեղ աշխատանքի լավ օրինակ է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը թույլ կտա ապահովելու սպառազինությունների հավասարակշռություն Կասպից ծովում, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության համար կմիավորի հնգյակի ջանքերը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ փաստաթուղթը հիմք կհանդիսանա հետագայում որոշակիացնելու յուրաքանչյուրի չափաբաժինը Կասպից ծովում: Նախագահները նաև երկկողմ հանդիպումներ են ունենում:

Նկատենք, որ Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում էին ավելի քան երկու տասնամյակ: Հիմնական տարաձայնությունները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատվածներում յուրաքանչյուրի սահմանները հստակեցնելն էր:

Եվ այսպես, Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Փաստաթուղթը տարածաշրջանի համար պատմական է, որի վրա աշխատանքը տևել է երկու տասնամյակ:

Փորձագետները հինգ երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Սա, անկասկած, ապագայի հեռանկարների տեսանկյունի աշխարհաքաղաքական նոր զարգացումների համար հիմք կարող է հանդիսանալ, ինչն էլ իր հերթին կանդրադառնա մեր տարածաշրջանի գործընթացների վրա:

Չի կարելի բացառել նաև հնարավոր մարտահրավերները՝ Ադրբեջանի ավելի հանդուգն քաղաքականությունը, էներգակիրների արտահանման հարցում քաղաքական ազդեցությունը այլ երկրների հետ փոխհարաբերություններում՝ այլ հարցերի վրա: Ռուսաստանի և Իրանի հետ նշանակում է, Բաքուն լրացուցիչ գործիչ է ձեռք բերում՝ փոխհարաբերություններում:

Ինչպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն է նկատել՝ Կասպիցի կարգավիճակի կոնվենցիայով «Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին` ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց»։

Իհարկե, մի կողմից այս գործընթացն ամրացնում է տարածաշրջանային կայունության արժևորումը, սակայն մյուս կողմից՝ այս երկրներն ավելի ռազմավարական հարցերում նոր համաձայնությունների գալու հնարավորություններ են բացում:

Ու այստեղ հարց է ծագում՝ այս ամենին Հայաստանն ինչո՞վ է պատասխանելու, ի՞նչ ունի առաջարկելու:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: