Նիկոլի «տեռորիստները»

Aug 11, 2018 Comments Off on Նիկոլի «տեռորիստները»

ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մտքի տեռոր է անվանել 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից հետո Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքները։

«Ես զարմանում եմ, որ Դաշնակցությանը քննադատում են, որովհետև մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի։ Եվ հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, երկրում մտքի տեռոր է տեղի ունենում։ Այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի ապագայի համար ենք մտահոգ, բայց թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Տեռորը տեռոր է, ուզում ես` կրակի, ուզում ես՝ միտքն արգելակի»,- հայտարարել է Հրանտ Մարգարյանը։

Սա թերևս այն դեպքն է, որ ընկեր Հրանտին պետք է հարցնել՝ իյա, իրո՞ք: Մտահոգությունն, անշուշտ, արդարացված է, մտահոգվելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում նաև դաշնակցականները, ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները և ՀՀ բոլոր քաղաքացիները: Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու առումով ՀՅԴ- ն ոչ միայն իրավունք, այլ նաև բարոյական պարտք ունի: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը կասեցված ՀՅԴ-ն վերբացեց, ՀՅԴ հայաստանյան մարմնի բանտերում գտնվող առաջնորդներին ներգրավեց իշխանության մեջ: Ընդ որում ՀՅԴ-ականների դեմ հարուցված քրեական գործն առ այսօր փակված չէ՝ նրանք դատարանի կողմից չեն արդարացվել, գործն ուղղակի կարճվել է:

Այս պատմական իրողության մասին բոլորը հիշում են, լավ է, որ չեն մոռացել նաև հին ընկերները: Բայց եթե խոսքը մտքի տեռորին է վերաբերում, որից այսօր այդքան նեղված են դաշնակցականները, ապա թույլ տվեք հարցնել՝ ընկեր Հրանտ, նո՞ր իմացաք, որ երկրում մտքի տեռոր կա և Դուք ու Ձեր կուսակցական ընկերներն այդ տեռորի մասնակիցներն եք: Երբ ՀՅԴ-ն, առանց վարանելու, իր շարքերից հեռացրեց Աղվան Վարդանյանին՝ այլ կողմնորոշում ունենալու համար, դա մտքի տեռոր չէ՞ր: Հանկարծ չասեք, թե ընկեր Աղվանը հեռացվել է՝ կուսակցական կարգապահությունը խախտելու համար: Եթե կուսակցական պարտաճանաչությունը լուրջ պատճառ լիներ, ապա ՀՅԴ-ն պարտավոր էր մանդատից զրկել ու իր շարքերից հեռացնել նաև պատգամավոր Սուրեն Մանուկյանին, ով համաժողովրդական շարժմանը միացել էր ավելի վաղ, քան կուսակցությունը: Խախտումը խախտում է, բայց, արի ու տես, մեկը պատժվեց, մյուսը՝ ոչ: Իսկ ի՞նչ է՝ Աղվան Վարդանյանը մտահոգություն ունենալու իրավունք չունե՞ր:

Կամ այդ ինչպե՞ս է, որ ՀՅԴ-ն մտքի տեռորի մասին չէր հիշում այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ եթե իշխանության մեջ գտնվողը ուզում է քննադատել իշխանությանը, թող դիմումը գրի դուրս գա, դրանից հետո սրտի ուզածի չափ քննադատի: Կամ ի՞նչ էր մտածում ՀՅԴ-ն մտքի տեռորի մասին, երբ Ռոբերտ Քոչարյանը փակում էր Ա1+ հեռուստաընկերությունը…. ՀՅԴ-ն լուռ էր նաև այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ով իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ով՝ ոչ: Օրինակներ՝ ինչքան ասես, կարելի է բերել: Հիմա ի՞նչ է պատահել, մտքի տեռորը Ձեզ է հասել, չե՞ք դիմանում, թե՞ չեք կարողանում հարմարվել, որ հաճույք ստանալու և կույս մնալու ժամանակները մնացել են հին Հայաստանում:

Ի դեպ, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, թե Քոչարյանի հետ կապված՝ ՀՅԴ հայաստանյան մարմնի հայտարարությունները Սփյուռքի տարբեր հատվածներում տարբեր կերպ և ոչ միանշանակ են ընկալել: Փաստորեն երիտասարդ նախարարը քար է նետել հին ընկերների բոստանը: Հրանտ Մարգարյանը թերևս պետք է մտածի՝ ինչ պատասխան տալ սրան:

 

Հայկ  Դավթյան    

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: