Ռուբլուց, Կրեմլից ու Վաշինգտոնից քաշվածները

Aug 11, 2018 Comments Off on Ռուբլուց, Կրեմլից ու Վաշինգտոնից քաշվածները

Փորձագիտական տարբեր գնահատականներով՝  ռուբլու փոխարժեքի նվազումը կարող է հասնել մինչև 1 դոլարի դիմաց 75 ռուբլու: Ռուբլու գահավիժման պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցներն են: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է նախապատրաստում Միացյալ Նահանգների «այդ ոչ բարեկամական գործողության» կապակցությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նոր սահմանափակումները, որոնք շարունակում ենք ապօրինի համարել, Սոլսբերիի գործի հետ կապելը»,- իր հերթին հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները որոշել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ: Պատճառը Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) պաշտոնաթող գնդապետ, հետագայում Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալի միջադեպն է: Մի քանի օր առաջ Պետդապարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթին հայտարարեց, որ  ԱՄՆ-ը օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ: Վաշինգտոնը մեղադրում է ռուսական հատուկ ծառայություններին՝ Սկրիպալին թունավորելու համար` ընդ որում կենսաբանական ճանապարհով:

Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին: Կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝ օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան: Պատժամիջոցների առաջին փուլը վերաբերելու է նաև  ֆինանսական շուկային, և հենց այս գործոնով պայմանավորված էլ անխուսափելի է ռուբլու արժեզրկումը` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Փորձագետները կանխատեսում են, որ Ռուսաստանի քաղաքացիներին ծանր օրեր են սպասվում, մարդկանց եկամուտները փաստացի նվազում են, քանի որ իջնում է գնողունակությունը: Հաշվի առնելով Հայաստանի աշխատանքային միգրանտների մեծ հոսքը դեպի Ռուսաստան, վստահաբար կարելի է ասել, որ ռուբլու անկումը ծանր հարված կլինի նաև Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների համար: Ռուբլու արժեզրկումից առաջինը կտուժեն առևտրի, ծառայությունների, շինարարության ոլորտները, որտեղ էլ հիմնականում ներգրավված են ՌԴ–ում աշխատող հայերը։

Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների եկամուտների արժեզրկմամբ պայմանավորված՝ Ռուսաստանից ակնկալվող տրանսֆերտները կնվազեն` ստեղծելով հավելյալ սոցիալական ռիսկեր նաև մեր երկրի տնտեսության համար։ Ռուբլու արժեզրկումը բացասական հետևանք կունենա նաև Հայաստանից Ռուսասաստան արտահանումների վրա: Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` ռուբլու արժեզրկման ու դրամի կայունության պայմաններում էապես կտուժի նաև Հայաստանի՝ դեպի Ռուսաստան արտահանումների ոլորտը։«Այս փուլում կարելի է փորձարկել զուգահեռաբար նաև դրամի արժեզրկման մեթոդը, ինչպես անում են ԵԱՏՄ անդամ երկրների` Բելառուսի, Ղազախստանի կենտրոնական բանկերը, որպեսզի իրենց արտահանողները դեպի ՌԴ չտուժեն»,– կարծիք է հայտնել Ատոմ Մարգարյանը`Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում։ Իսկ միակ դրականը, որ կարող է տեղի ունենալ Ռուսաստանում տնտեսության անկման և ներդրումային ծրագրերի սառեցման կամ կասեցման պարագայում, Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, կարող է լինել ՌԴ-ից կապիտալի արտահոսքը դեպի Հայաստան։

Հավելենք, որ ԱՄՆ կիրառած նոր սահմանափակումների և պատժամիջոցների երկրորդ փուլում, որի համար եռամսյա փորձնական ժամկետ է սահմանվել, կարող է արգելվել «Աէրոֆլոտի» թռիչքները  դեպի ԱՄՆ:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: