Վանեցյանի «պարապ վախտի խաղալիքը»

Jul 22, 2018 Comments Off on Վանեցյանի «պարապ վախտի խաղալիքը»

Հաստատված է այն տեղեկությունը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Նա այսօր անձամբ  լրագրողների մոտ անկեղծացել է նման ցանկության մասին՝ ասելով, որ դեռեւս քննարկում չի եղել:

Կարելի է չկասկածել, որ առաջիկայում Հայաստանի ֆուտբոլը կազատվի Ռուբեն Հայրապետյանի ամենակուլ ճիրաններից, նա ՀՖՖ նախագահ է 2002 թվականից, եւ արդեն մեկ տասնյակից ավելի է հայկական ֆուտբոլի ձախողումների թիվ մեկ պատասխանատուն, ով այդպես էլ որեւէ ժամանակում չընդունեց ֆուտբոլասերների ու ֆուտբոլային աշխարհի մարդկանց մեղադրանքները, ամուր կառչած մնաց իր աթոռին: Սակայն նոր Հայաստանում նա ընդունում է իր հեռանալու պահանջները, բնականաբար ոչ այն պատճառով, որ ընդունում է նաեւ, որ իրենով է պայմանավորված ոլորտի հետընթացը, այլեւ այն, որ ըստ ամենայնի ԱԱԾ-ն նրա տարածք էլ է <<շնորքով ներխուժել>>:

Պատահական չէ, որ Հայրապետյանն անձամբ ընդունում է Վանեցյանի թեկնածությունը ու հայտարարել է, որ եթե նա առաջադրվի, ինքը կհրաժարվի ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելուց: Դժվար է կռահել, թե ինչով է ընդունելի ԱԱԾ ղեկավարի թեկնածությունը ՀՖՖ գործող նախագահի համար, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ մի ծայրահեղությունից՝ օլիգարխից, ֆուտբոլն անցնում է մեկ այլ ծայրահեղության ձեռը: Այն, որ ԱԱԾ տնօրենը դարձել է նոր Հայաստանի հերոսը, կամ կինոյի տղան ու նրան են վերապահված ամենխիզախ ու հերոսական դերերը, նա է բռնում, նա է խուզարկում, նա է փակում այնպիսի մարդկանց, որոնք հին Հայաստանի սարսափ հերոսներն են, թվացյալ անպարտները, որոնց սակայն հեղափոխական կինոյի տղան տապալում է մեկ հարվածով: Սակայն, որ իշխանությունը նրան կվերապահեր նաեւ այնպիսի մի դեր, որից հերոսը կդառնար հակահերոս, խիստ անսասելի սյուժե է, հնդկական կինոներում անգամ չես հանդիպի: Մի երկիր, որ անվտանգության հազարավոր խնդիրներ ունի, չլուծված հարց, ոչ այնքան հաճելի հարեւաններ, փակ սահմաններ, մի երկիր, որտեղ դեռեւս անկատար է մնացել Ռամիլ Սաֆարովի հետ կապված Գորիկ Գուրգենիչի հանձնարարականը, որտեղից մարդիկ փախուստի են դիմում՝ ապաստանելով Ադրբեջանում, որը դարձել է նարկոբիզնեսի տարանցիկ ճանապարհ, սրանք այն ակնառում, երեւացող հարցերն են՝ խորքերում կրելով բազում ենթաշերտեր: Միթե այսքան խնդիրնր գլխին կուտակած ունենալով նոր Հայաստանի ԱԱԾ պետը ժամանակ է ունենալու հիմնարար զբաղվել հայկական ֆուտբոլով: Իհարկե, Վանեցյանին, ինչպես համով երեխայի, հիմա կարող են հազար կողմից հազար քաղցր պատառ առաջարկել, բայց լրջախոհությունը պահանջում է ամեն քացր պատառ չտանել բերանը :

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: