Կառավարությունում սրբագրում են սեփական սանձարձակությունը

Jul 18, 2018 Comments Off on Կառավարությունում սրբագրում են սեփական սանձարձակությունը

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները անցած շաբաթ սրվել էին կառավարության սույն հարցով զբաղվող հանձնաժողովի քարտուղար Դավիթ Իոաննիսյանի շնորհիվ։ Նա ԱԺ աշխատանքային խմբին ծաղրել էր ասելով՝ ինչ ուզում եք քննարկեք, միեւնույն է կառավարությունը սեփական նախագիծն է ներկայացնելու։

Այս հայտարարությունը պատգամավորներին վրդովվեցրել էր, ու խմորը շատ ջուր կքաշեր, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հետեւություններ չանեին։ Այսօր հերթական քննարկմանը ներկայացել էր նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, նա հիմնովին սրբագրեց Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը։ «Իդեալական տարբերակում, այո, պետք է լինի մեկ նախագիծ։ Այնպես չէ, որ կառավարությունն ունի դիրքորոշում և փորձում է պարտադրել մյուս քաղաքական ուժերին, պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»,- ասաց Միրզոյանը:

Ըստ Միրզոյանի՝ կոնսենսուսն այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս: «Ինչպես տեսաք՝ քաղաքական ուժերը հրապարակավ հայտարարեցին, որ համաձայն են կոնսենսուսի, բայց տեսաք նաև, որ ասում են՝ կոնսենսուս կարող է լինել օրինագծի 90%-ի շուրջ և այնտեղ լինեն հարցեր, որոնց շուրջ քաղաքական ուժերն ունենան այլ մոտեցումներ»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը նաև հավելեց, որ տպավորություն ստացավ, որ բոլոր ուժերը գիտակցում են, որ պետք է անեն այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր է իրականացնել ավելի կարճ ժամկետում: Միրզոյանը նշեց, որ իր համար էական չէ` նախագիծը ԱԺ քննարկմանը կներկայացնի խորհրդարա՞նը, թե՞ կառավարությունը: «Ինձ համար էական է, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ: Ո՞վ կլինի դրա հեղինակը, կարևոր չէ իրականում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին, Միրզոյանը չբացառեց, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ այն ժամկետներում, որ նշված է կառավարության ծրագրում: Հիշեցնենք, որ ծրագրում նշված է` մեկ տարվա ընթացքում կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ բովանդակային քննարկման նյութը կայուն մեծամասնության ամրագրման մեխանիզմի փոփոխության առաջարկի հետ էր կապված, որն արվեց Դանիել Իոաննիսյանի կողմից, նա առաջարկեց ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակների սահմանափակումը վերացնել: Գործող կարգավորմամբ թույլատրվում է կոալիցիա կազմել երեք ուժի: Նիստը վարող` ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումը հանգեցնելու է անկայունության: Հարությունյանը բացատրեց, որ եթե ինչ-որ կուսակցություն ստացել է մի քիչ ավելի պակաս քվե, որպեսզի միայնակ մեծամասնություն ձևավորի, մնացած տրոհված փոքրիկ ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, ստանում են 5% կամ, ինչպես առաջարկվում է, 4%, արդյունքում` գումարվում են ընդդեմ մեծի և կոալիցիոն իշխանություն ձևավորում:

«Բայց ինչքանով նրանց ձևավորած իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,- ասաց նա: Հարությունյանը օրինակ բերեց. «13 կուսակցություններ 4 խմբակցությունում կարող են միավորվել և դառնալ մեծամասնություն, բայց դա կայուն չի դիտվի, և մի փոքր ուժի դուրս գալն ամբողջ այդ համակարգը փլուզելու է: Իսկ դրա հավանականությունը մեծ է»: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ, խորհրդարանական համակարգի ջատագով լինելով, կողմ են եղել սահմանափակումների քչացմանը: «Չեմ ընդունում, որ սահմանափակումը նպաստում է կայունությանը: Ունենք երկրորդ փուլի հանգամանքը, երբ ինչ-որ ժամանակ է տրվում, սակայն չի ձևավորվում կոալիցիա, մեծամասնություն երեքի միջև և, եթե չորրորդը միանում է, այդ մեծամասնությունը ձևավորվում է: Մի քիչ անհասկանալի է` ինչու պետք է անպայման երկրորդ փուլ անցկացվի»,- ասաց նա։ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 13 ուժերի, և կարող է լինել շատ ավելի, ձայները չորս կամ հինգ խմբակցության մեջ բաշխվեն: «Նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 45% ձայն ստացած ուժը դառնա ընդդիմություն, սակայն 4-5-ը միավորվեն, դառնան իշխանություն, միանգամայն հնարավոր վիճակ եմ ներկայացնում»,- ասաց նա: «Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկելի են: «Բայց չպետք է արգելափակել արհեստականորեն, որևէ սահմանափակում արդարացված չէ ազատ կամաարտահայտման դեպքում, որ 45%-ոց ուժին չի կարող երեք 15 տոկոսը հաղթահարել: Իհարկե, քննարկման առիթ կա մեծամասնության կայունության առումով»,- ասաց նա:

Իր կուսակցական գործընկերոջ հետ համաձայն չէր Նաիրա Զոհրաբյանը, ըստ նրա` երկիրը, խորհրդարանը կտանեն պերմանենտ ցնցումների: «Բոլորը ծրագիր են ներկայացնում` ինչպես են կառավարելու: Այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ նրան են քվեով վստահում: Այս տարբերակով անհասկանալի աջաբսանդալ կարող է դառնալ և երկիրը տանել անկայունության»,- ասաց նա: «Ելք» Խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց․«Պետք է ֆիքսենք, որ որևէ մեկի համար իշխանությունը պահելու խնդիր չլինի, որպեսզի ուրիշները չմոտենան այդ բուրգին: Մեծամասնություն ես, գնա միաձայն մեծամասնություն դարձիր: Այս ամեն ինչն անում ենք, որ ՔՊ-ն չմնա հավերժ իշխանություն, նպատակը ժողովրդավարացումն է: Եթե 15%-ները միավորվեն ու 45-ին գցեն, թող անեն: Եթե մեկ տարի հետո ընտրություն պետք է լինի, թող անեն»,- ասաց նա:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: