Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Jul 12, 2018 Comments Off on Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը մատնանշել են լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպերշիկը: Ադրբեջանում և Հայաստանում անցկացված ընտրություններից հետո սա այս ձևաչափով առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր:

Նախարարները մտքեր են փոխանակեցին տիրող իրադրության շուրջ և քննարկեցին հետագա քայլերն ու պարամետրերը՝ կրկին ներգրավվելու սուբստանտիվ բանակցությունների գործում: Կողմերը քննարկեցին որոշ հարցեր առաջիկա հանդիպումների, այդ թվում՝ հնարավոր վստահության կառուցման միջոցների վերաբերյալ: Համանախագահները նշեցին լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Համանախագահները նաև վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման վրա:

Նախարարները համաձայնեցին համանախագահների հովանու ներքո մոտ ապագայում կրկին հանդիպել»,- նշված է հայտարարությունում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: