Փոփոխություններ մարզերի հիվանդանոցներում

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կոնկրետ համայնքներին բնորոշ ինչպես առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին։

«Մարզային առողջապահությունը պետք է զարգանա, և դուք դրանում ձեր էական դերակատարումը պետք է ունենաք մեր օգնությամբ և ֆինանսական հատկացումների առավել արդյունավետ բաշխմամբ: Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի», – մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը:

Հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այս խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում:

«Ժամանակին տարբեր մարզերի համակարգային խնդիրների լուծմանն առողջապահության նախարարության ներգրավվածությունը տարբեր է եղել: Մոտեցումը փոխվում է: Հիմա բոլորի հետ աշխատում ենք նույն մոտեցմամբ, նույն մեխանիզմով: Ցանկացած կարևոր հարց միշտ պետք է համաձայնեցվի մեզ հետ` անկախ նրանից` ով ով է: Քաղաքականություն որոշողն առողջապահության նախարարությունն է: Դա փոխանցվել է նաև մարզպետներին», – ընդգծել է առողջապահության նախարարը:

Մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրներն ու առաջարկները` կապված շտապօգնության, ծննդօգնության, համայնքային ամբուլատորիաներին առնչվող որոշ հարցերի կարգավորման մասին:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Փոփոխություններ մարզերի հիվանդանոցներում”

Մեկնաբանել