Գեներալ Մանվելի ստվերն ու ԵԿՄ-ի ջղաձգումները

Jun 26, 2018 Comments Off on Գեներալ Մանվելի ստվերն ու ԵԿՄ-ի ջղաձգումները

Մանվել Գրիգորյանի տապալումից հետո հետաքրքիր օրեր է ապրում ԵԿՄ-ն։ Կպահպանի՞ կառույցը ստատուս-քվոն, թե ինքն էլ կտապալվի իր գերագույն հրամանատարից հետո, կարծիքները տարբեր են։ Կոչեր են հնչում ԵԿՄ-ն լուծարելու վերաբերյալ՝ հաշվի առնելով կառույցի անցած տարիների անգործության փաստը։ Սակայն ԵԿՄ-ում ջանում են փրկել իրենց ջախջախված հեղինակությունը, նոր շունչ տալ այդ կառույցին։ Կիրակի օրը ԵԿՄ վարչության արտահերթ նիտում որոշում է ընդունվել կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները, հայտարարություն է ընդունվել նաեւ այն մասին, որ կառույցը դատապարտում է կատարվածը, երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, «վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում:

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը հայտարարել է նաեւ․ «Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում»։ Առաջիկա համագումարի ընթացքում ԵԿՄ-ն կքննարկի Քաղաքացիական պայմանագրին սատարելու մասին։ Եւ միթե ստացվելու է այնպես, որ ԵԿՄ-ն մի տիրոջից մյուսին է անցնելու եւ հետայսու աջակցելու է հեղափոխության արդյունքում իշխանության եկած Քաղաքացիական պայմանագրին։ Եթե սա է դաշնային հրամանատարների ողջ ցանկությունը, ապա լավագույն լուծում, քան ԵԿՄ-ի լուծարումն է, չի կարող լինել։ Այն, որ պատերազմական Հայաստանում ԵԿՄ-ի գոյությունը խրախուսելի, անգամ անհրաժեշտ է, վիճարկման ենթակա չէ, բայց եթե երկրապահը պետք է մնա ու շարունակի իր առաքելությունը հին ու բարի ժամանակների ոճով, անիմաստ գոյություն է քարշ տալու, ամեն դեպքում անիմաստ է լինելու պետության, անվտանգության տեսանկյունից։ Ներկա իրողության պայմաններում ԵԿՄ-ի փրկությունը արմատական ռեֆորմների ենթարկվելն է։ Քանզի խնդիրը ոչ միայն Մանվել Գրիգորյանի մեջ է եղել, այլեւ ԵԿՄ-ի ամբողջապես։ Նախորդ իշխանությունները տասնամյակներ շարունակ ԵԿՄ-ն ներքաշել են քաղաքական թոհուբոհի մեջ, օգտագործել քաղաքական նպատակներով ոչ միայն Մանվել Գրիգորյանի շնորհիվ, այլ տասնյակ, հազարավոր ԵԿՄ-ականների, որոնք հլու-հնազանդ, լուռ կատարել են հրամանատարի ցանկացած կամքն ու պահանջը, գործակցել իշխանության հետ։ Նրանց ոչ սթափեցրել է ԵԿՄ-ի ու նրա ղեկավարի մասին մամուլի հրապարակումները, ոչ էլ երբեմնի ԵԿՄ-ականների արտագաղթը այդ կառույցից։ Այս համատեքստում է, որ անգամ չի ընկալվում, երբ ԵԿՄ վարչությունը «դատապարտում» է Մանվել Գրիգորյանի արարքը։ Եւ միթե գեներալի հանցագործություններին մեղսակից չեն եղել նաեւ իր «բանակը», թեկուզ անգործությամբ, թեկուզ լռությամբ։

ԵԿՄ-ն այնքան է ծառայել ու օգտագործվել այդ իշխանությունների կողմից, որ իներցիայի ուժով հիմա էլ հապշտապ որոշում կայացրեցին կանգնել գործող իշխանության կողքին։ Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի դրժի իր սկզբունքները, չի գայթակղվի ԵԿՄ-ի ուժով եւ այն չի դարձնի իր անձնական օգտագործման կառույցը, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր անում։ Հատկապես, եթե իրականություն դառնա ԵԿՄ-ականների ցանկությունն ու կառույցը շարունակի գործել ոչ թե ղեկավարի, այլ խորհրդի միջոցով, ապա ունենալու է փխրուն կարգավիճակ, երբ ցանկացած ուժ հարկ եղած պահին կկարողանա իր քաղաքական նպատակներին ծառայեցնել։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: