Վարչապետի խորհրդականը պարզաբանել է Հ1-ի հաղորդման ընթացքում արած իր՝ քննարկումների առիթ դարձած հայտարարությունը

Jun 24, 2018 Comments Off on Վարչապետի խորհրդականը պարզաբանել է Հ1-ի հաղորդման ընթացքում արած իր՝ քննարկումների առիթ դարձած հայտարարությունը

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հ1-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում իմ կողմից արված մի հայտարարություն կարծես թյուրըմբռնումների և շահարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում: Խոսքը վերաբերում է մասնավորապես այն ձևակերպմանը, թե` չեմ բացառում, որ Հայաստանին ծառայելու համար կարող են օգտագործվել բոլորը, այդ թվում նաև Սերժը:

Հաղորդումը նայողները կարծում եմ կհասկանան, թե` ի՞նչ, և ինչ կոնտեքստում է ասվել, մինչդեռ սկանդալների, վրեժի ու մեր ընթացքի ձախողմանը ծարավ հայրենակիցները օրինաչափորեն հայհոյելու լավ հնարավորություն ունեն: Հիշեցնեմ միայն, որ հայհոյանքը փաստարկի բացակայության նշան է:

Յուրաքանչյուրի մոտիվացիան իր խղճին թողնելով ասեմ, որ մենք շարունակելու ենք մեր ծառայությունը հանուն ազատ, արդար ու անվտանգ Հայաստանի ու Արցախի: Այս ընթացքում զերծ ենք մնալու պաթետիկ ու պոպուլիստական հայտարարություններից, իսկ Արցախի ժողովրդի ազատության ու անվտանգության հարցում ռեալ ենք գնահատելու մեր երկրի ու ժողովրդի սոցիալական ու քաղաքական կապիտալը:

Ով դեռեւս չի հասկացել` հիշեցնեմ, որ սա նոր Հայաստանն է, որտեղ` այո, հենց հանրային հեռուստաընկերության եթերում պետական պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն դժվար հարցերի պատասխանել: Սա հենց այն է, ինչի համար պայքարել ենք այսքա՜ն երկար: Անսխալական լինելու պատրանք ու հավակնություն չունենք, բայցև չենք ընդունելու ինտրիգների, հայհոյանքի ու սադրանքների միջոցով կառավարելու նախկին արատավոր պրակտիկան:

Սիրո և համերաշխության մեր ընթացքն անկասելի է տիկնայք և պարոնայք, իսկ ֆեյքերի ու չարախոսների ժամանակը` անցյալում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: