Բարոյականության մասին նուրբ մեսիջներ Ռուսաստանին՝ Երևանից

Jun 21, 2018 Comments Off on Բարոյականության մասին նուրբ մեսիջներ Ռուսաստանին՝ Երևանից

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել ռուսաստանյան Gazeta.ru կայքում, որտեղ նա ուշագրավ միտք է արտահայտել, թե «ինքնիշխան և բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան և հակառակը»:

Նա բացատրում է, որ հայկական պետության նոր ղեկավարությունը հավատարիմ է ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանման գծին, այլ նաև այդ կապերին նոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ազդակներ հաղորդելուն: «Ես համոզված եմ, որ մեր երկու կողմերի միջև հարաբերություններն ունեն հսկայական ներուժ, որը մենք պարտավոր ենք օգտագործել ի շահ մեր երկրների և ժողովուրդների», ըստ Մեդիամաքսի՝ գրել է Արմեն Գրիգորյանը ռուսաստանյան պարբերականում հրապարակված հոդվածում:

Այնուհետև Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշում է, որ մեր հասարակությունը ցավոտ է ընդունում այն փաստը, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի գործընկերները և դաշնակիցները չեն մշակել առավել զգայուն հարցերի շուրջ միասնական ռազմավարական դիրքորոշում: «Անթույլատրելի է, որպեսզի մենք և կառույցի անդամ մեր գործընկերները անտեսեն այլ երկրների կողմից հնչող տարածքային պահանջները, չէ որ նման հռետորաբանությունը նաև կարող է ընկալվել որպես ագրեսիայի գործողություն… Մի՞թե ռազմավարական դաշինքը չի նշանակում ավելացված քաղաքական արժեքի առկայություն՝ միմյանց համար հատուկ կարգավիճակի փոխադարձ ճանաչման տեսքով: Անկասկած, մեր հարաբերությունները պետք է ունենան բարոյական սկիզբ, հատկապես քաղաքական հարթության մեջ», գրել է Արմեն Գրիգորյանը:

Ապա` նա հավելում է. «Մենք պետք է ընդունենք, որ ժողովուրդները չեն մտածում սառը, հաշվարկային հասկացություններով: Նրանք ապավինում են բարոյականությունը և արդարությանը: Հայ ժողովուրդը տեսնում է տվյալ իրավիճակում միայն մի պատկեր՝ դաշնակիցները տալիս են մեր հակառակորդին գործիք, որն օգտագործվում է բացառապես ագրեսիվ նպատակներով: Իհարկե, մենք պետք է քննարկենք այդ հարցն ամենաբարձր մակարդակով և գտնենք լուծումներ, որոնք բխում են մեր երկրների շահերից: Այդ լուծումների հայեցակարգը բավականին պարզ է. ինքնիշխան և բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան և հակառակը», – ընդգծել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Արմեն Գրիգորյանի հիմնական ուղերձը հետևյալն է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը չեն կարող թույլ տալ իրեն լինել հակառուսական, հակաեվրոպական, հակաիրանական կամ հակաամերիկյան: «Մենք մշտապես եղել ենք «և-և» բանաձևի կողմնակիցը, ինչը գործնականում կիրառվեց, երբ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեց քաղաքական համաձայնագիր ԵՄ-ի հետ: Այդ ուղղվածության շրջանակներում հայ-ռուսական հարաբերություններին մեծ ապագա է սպասվում, քանի որ մենք մյուսներից շատ ենք շահագրգռված խաղաղության և կայունության ապահովման մեջ մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերը դժվար է գերագնահատել»,- ամփոփել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

Պաշտոնական Երևանը Մոսկվային սիրաշահելու, միաժամանակ ռուսաստանյան հովանու ներքո կառույցներում Հայաստանի դաշնակիցներին՝ Ռուսաստանին և մյուս պետություններին որոշակի ուղերձ է հղում առ այն, որ Ադրբեջանին հետ «խաղերն» ընդունելի չեն Հայաստանի նոր կառավարության համար:

Միաժամանակ, պաշտոնական Երևանն, ըստ էության, հասկացնել է տալիս, որ շարունակելու է Սերժ Սարգսյանի «և-և»-ի քաղաքականությունը, այսինքն՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը ամենևին էլ չեն նշանակում՝ ի հաշվի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների, և հակառակը՝ Արևմուտքի հետ հարաբերությունները չեն նշանակում՝ ի հաշվի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: