Ինչու է ՀՀԿ-ն զոհաբերում իր գեներալին

Jun 20, 2018 Comments Off on Ինչու է ՀՀԿ-ն զոհաբերում իր գեներալին

Հանրությունը ցնցված է Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվածից, որ տեսանյութով հրապարակել է ԱԱԾ-ն: Թեպետ չկա դատավճիռ, սակայն ինչպես երեւում է ցնցված են նաեւ ՀՀԿ-ում։ Եթե շաբաթ օրը, երբ դեռ հայտնի չէին  գեներալի ձերբակալության բուն պատճառները, ՀՀԿ-ականներից ոմանք շտապեցին նրան քաղհալածյալ համարել, ապա այն պահից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց Գրիգորյանի ամառանոցի գողոնը ու պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ, ՀՀԿ-ականների երեսին էլ ամոթ հայտնվեց։

Արմեն Աշոտյանը, ով առաջինն էր, որ բարձրաձայնեց գեներալի ձերբականության հակասահմանադրականության մասին, հայտնի տեսանյութից հետո խմբագրել է իր կարծիքը։«Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի»։

Էդուարդ Շարմազանովն էլ շտապես «ազգի դավաճան» հռչակել, սակայն շեշտեց, թե դատարանն ապացուցի գեներալին հասցեագրված մեղքը․«Եթե պարզվի, որ այն ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն եւ համապատասխանում է իրականությանը՝ դրան արդարացում չկա: Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն իրականություն է, սրան արդարացում չկա: Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը՝ արդարացվի, հիմա չեմ ուզում որակում տալ, բայց արդարացում չկա, ախպեր զինվորի՞ց»։

Հերոսության շքերթից իրեն անմասն չթողեց նաեւ Արփինե Հովհաննիսյանը, նա ամենահերոսը փորձեց երեւալ, ասելով, որ ամբողջությամբ կիսում է այն ապրումները, որոնք յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս․ «Անթույլատրելի ու զազրելի է այն ամենն, ինչ ներկայացվեց», – ասաց նա։ Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Հովհաննիսյանը նշեց, որ թեև քվեարկությունը փակ է լինելու, բայց ինքը կարող է հայտնել իր կարծիքը. «Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն։ Կարծում եմ՝ ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի լրիվ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնելու»։ Նա նաև հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել այս գործընթացին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում կամ այս պահին որտեղ են գտնվում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Եթե նախաքննության ընթացքում պարզվի, որ որևէ մեկն այս ամենին մասնակից է եղել և այս ամենը իրականությանը համապատասխանում է, բոլորը պետք պատասխան տան», – ասաց նա՝ հավելելով, որ բոլոր մեղավորները օրենքի ամբողջ ուժով պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Նշենք, որ վաղը՝ հունիսի 19-ին վարչապետի որոշմամբ արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնխելիությունից զրկելու հարցը։ Այն որ, Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը քննության առարկա չէ, ինչպես որ նրա՝ պատերազմի դաշտում դրսեւորած հերոսությունները, կարծես թե վիճարկելի չէ։ Սակայն արդյոք ՀՀԿ-ում որեւէ մեկն իրավունք ունի խոսել այդ մասին ու հերոսացնել իր իսկ կողմից ուռճացված հերոսին, գեներալին։ Մի՞թե անցած տասը տարիներին իշխանությունը ՀՀԿ-ին չի պատկանել, միթե Մանվել Գրիգորյանը իր զինանոցն ու ավարը չի թաքցրել ՀՀԿ-ի իրավապահ կառույցների գոյության ներքո։ Հիմա, երբ, ինչպես ասում են՝ եզն ընկել է, դանակավորները շատացե՞լ են, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին հինգ տոկոսի շեմը հաղթահարելու տեղ էլ չի թողել ու ստիպված «զոհաբերում» են իրենց փառապանծ գեներալին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: