Ինչպես Արցախը որևէ ձևով չմիջամտեց Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նույն ձևով էլ ՀՀ-ն չպետք է միջամտի. Գ. Իսագուլյան. Tert.am

Jun 04, 2018 Comments Off on Ինչպես Արցախը որևէ ձևով չմիջամտեց Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նույն ձևով էլ ՀՀ-ն չպետք է միջամտի. Գ. Իսագուլյան. Tert.am

Ինչպես Արցախի Հանրապետությունը որևէ ձևով չմիջամտեց Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, կարծում եմ՝ նույն ձևով նաև Հայաստանը չպետք է միջամտի Ստեփանակերտի իրադարձություններին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Ուրիշ բան, որ Հայաստանում ծանր իրավիճակի պայմաններում Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանում էր գտնվում, ուշիուշով հետևում էր իրադարձություններին, նաև հանդիպումներ էր ունենում, քննարկում էր իրավիճակը: Անհրաժեշտության դեպքում կարող է Հայաստանից որևէ պաշտոնատար անձ՝ վարչապետը, նախագահը մեկնեն Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, բայց կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնել ու պատվիրակություն ուղարկել Արցախ:
Գառնիկ Իսագուլյանի տեղեկացմամբ՝ Արցախում ամեն ինչ վերահսկողության տակ է և մոտ օրերս իրավիճակը կհանդարտվի:

«Արցախում բոլորը հասկանում են, որ այնտեղ որևէ միջոցառում, որևէ գործունեություն ծավալելը, որը կարող է վիճակն ապակայունացնել, չի կարելի: Չմոռանանք, որ անմիջապես թշնամու սահմանի հարևանությամբ է և մեր զինվորներն այս պարագայում կհայտնվեն շատ անհարմար իրավիճակում»,- ընդգծեց Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է ցուցարարների կողմից ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջին, նա նշեց, որ կա թյուրըմբռնում՝ ինչ է իրականում տեղի ունեցել:

«Վստահ եմ, ամեն ինչ կպարզվի և նման հարցերի քննարկման կամ գործնական ընթացք տալու առիթ չի ներկայանա, որովհետև կա թյուրըմբռնում, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ամեն ինչ կպարզվի և ամեն ինչ կմտնի իր բնականոն հունի մեջ: Միջադեպեր բոլոր տեղերում հնարավոր են, դրանք պետք է շատ լուրջ քննության ենթարկվեն և իսկապես պարզվի, թե ով է մեղավորը, ով է նախաձեռնողը եղել: Դեպքի հետ կապված քննություն է ընթանում և ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց նա:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան ևս նախօրեին անդրադարձել էր Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել հակառակորդները:

«Առաջին նախագահի արձագանքը բավականին տեղին է: Մասշտաբները նա շատ լավ պատկերացնում է: Արցախում նույն մասշտաբները չեն, ինչը Հայաստանում էր: Նույն իրավիճակը չէ, ինչը Հայաստանում: Արցախում պետք է շատ ավելի զգոն ու ուշադիր լինել և հրաժարական պահանջելուց առաջ, անպայման, հաշվի առնել շատ գործոններ»,- ընդգծեց նա:

Արցախում անկայուն իրավիճակ ստեղծելուց բացի, Իսագուլյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ՀՀ-ում իշխանությունը լիարժեք ձևավորված չէ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա, որոնք շարունակվում են մինչ օրս:

Վիճաբանության առիթը կենցաղային հարցերն են եղել, հատուկջոկատայիններն այդ պահին ծառայության մեջ չեն եղել: Այնուհետև քաղաքացիները փակել են Ազատամարտիկների փողոցը և իրավապահներից պահանջել ձերբակալել հատուկջոկատայիններին:

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: