Սկանդալային բացահայտումներ. միլիարդներ նաև դեպի ԱՄՆ

May 27, 2018 Comments Off on Սկանդալային բացահայտումներ. միլիարդներ նաև դեպի ԱՄՆ

«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները, ամիսներ առաջ, պարզվում է դեռ ամենը չէին, «կենացները», ինչպես ասում են, շարունակվում են…

«Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում 2012-2014թթ. Ադրբեջանից արտահոսած 2,9 մլրդ դոլարից բաժին է հասել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Պարզվում է, ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործել է ադրբեջանական մասնավոր ընկերություն, որը 10 տարուց ավելի ԱՄՆ կառավարությունում լոբբիստական գործունեություն է ծավալել:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության նոր բացահայտումների համաձայն՝ երկու ընկերություններ՝ Metastar Invest- ը և Hilux Services- ը, որոնք չունեն իրական սեփականատերեր և տնօրեններ, Բաքվում գործող Renaissance Associates կազմակերպությանը 18 անգամ գումարային փոխանցումներ են կատարել: Փոխանցված ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար:

Renaissance Associates կազմակերպության ներկայացուցիչներն էլ գումարներ են հատկացրել ԱՄՆ Կոնգրեսի օտարերկրյա օգնությունների բյուջեի վերաբերյալ որոշումներ կայացնող կոմիտեի անդամների քարոզարշավների համար: Կոմիտեի անդամների մեջ կան սենատորներ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ:

Տեղեկության համաձայն՝ կազմակերպության նպատակը եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հեղինակության բարձրացումը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տվյալներով՝ թե Եվրոպայում, և թե ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիստական գործունեության հետևում կանգնած է ադրբեջանցի պատգամավոր Էլխան Սուլեյմանովը:

Իտալացի քննիչների հաղորդմամբ՝ Սուլեյմանովը «Ադրբեջան 2020, ժպտա ապագային» ծրագրի պատասխանատուն է, որը նպատակ ունի օժանդակել միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության բարձրացմանը: Այս ծրագիրը 2011թ. շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սուլեյմանովը գլխավորում է նաև Ադրբեջանում Ալիևյան ռեժիմին օժանդակող կազմակերպություն, որը համագործակցում է Renaissance կազմակերպության հետ: Տեղեկությունների համաձայն՝ նույնն են անգամ Սուլեյմանովի գլխավորած կազմակերպության և Renaissance-ի գրասենյակները:

Սուլեյմանովի ղեկավարած կազմակերպությունը կոչվում է «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման» ասոցիացիա: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) ներկայացուցիչները պարզաբանումներ ստանալու նպատակով կապ են հաստատել «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի» գրասենյակի հետ, որպեսզի զրուցեն Սուլեյմանովի հետ: Կազմակերպության գրասենյակից հայտնել են, որ Սուլեյմանովը չի տիրապետում անգլերենին, ուստի նրա հետ ուղղիղ կապ հաստատել հնարավոր չէ: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Եվրախորհրդի ինտերնետային կայքում, որպես Սուլեյմանովի աշխատանքային լեզու նշված է անգլերենը, ինչը կասկածի տեղիք է տալիս:

Ադրբեջանի կողմից փոխանցված այլ գումարների հետ է կապվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատից նավթագազային հարցերով խորհրդատու Ադիլ Բաղըրովի անունը: Նա բնակվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում և ԱՄՆ կառավարությունում զբաղվում է Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեությամբ: Բաղըրովը Հյուսթոն նահանգում ղեկավարում է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների ցանցը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ միայն Ադրբեջանում 10 կոնգրեսականների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի կազմակերպման համար Բաղըրովին վճարվել է 253 հազար 150 դոլար:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

Այսպես, միլիարդների հոսքի մասին սկանդալային բացահայտման սլաքը ուղղվեց նաև Միացյալ Նահանգներ:

Հետաքրքիր զուգադիպությամբ նման բացահայտումներն ուղեկցվում են Ադրբեջանում «ժողովրդավարական» քայլով: Ադրբեջանում համաներում է հայտարարվել՝ ազատ կարձակվի շուրջ 600 բանտարկյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ նման հրամանագիր է ստորագրել: Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը, ըստ տեղական լրատվամիջոցների, կտարածվի 12 քաղբանտարկյալների վրա, որոնց մեծ մասը ճաղերի հետևում էին հայտնվել կրոնական թեմաներով ցույցերի մասնակցելու համար: Սակայն անկախ հայացքներով հայտնի «Թուրան» գործակալության հաղորդմամբ, ազատ արձակվող կալանավորների շարքում չկա որևէ լրագրող, հայտնի քաղաքական գործիչ կամ հոգևոր առաջնորդ, թեև, ըստ իրավապաշտպանների, ադրբեջանական բանտերում քաղբանտարկյալների թիվն անցնում է 140-ից:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: