Տուգանքները ջրում ես, որ ի՞նչ անես

May 26, 2018 Comments Off on Տուգանքները ջրում ես, որ ի՞նչ անես

Նախօրեին հայտնի դարձավ, որ նոր կառավարությունը մտադիր է չեղարկել վերջին 5 տարվա ճանապարհային երթևեկության չվճարված տուգանքները: Խոսքն ընդհանուր առմամբ 13,7 մլրդ դրամի հասնող գումարի մասին է, որը մոտավոր հաշվարկով  համարժեք է ՀՀ պետական բյուջեի 1,4 տոկոսին: Այսինքն` սա շատ լուրջ ֆինանսական համաներում է: Բյուջեի վրա ունեցած բացասական հետևանքը թողնենք մի կողմ, դա քննարկման առանձին թեմա է:

Շատ ավելի կարևոր է հարցի բարոյական կողմը. որքանո՞վ է արդար այս մոտեցումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս տարիների ընթացքում պարտաճանաչորեն վճարել են իրենց տուգանքները: Կառավարությունը ներկայացրել է հիմնավորում, որտեղ փորձ է արվում հիմնավորել, թե մարդիկ, ովքեր տարիներ շարունակ չեն վճարել ՃՏՊ տուգանքները սոցիալապես անապահով շերտի ներկայացուցիչներ են. չեն վճարել, որովհետև նման հնարավորություն չեն ունեցել: Հետաքրքիր է` այդ ի՞նչ մեթոդաբանությամբ են որոշել, որ տուգանքներ չվճարողներն ավելի անապահով են, քան պարտաճանաչ վճարողները: Նման վիճակագրություն չկա և չի կարող լինել: Ճիշտ հակառակը` վստահաբար կարելի է պնդել, որ եթե որևէ մեկին հաջողվել է դուրս մնալ  ԴԱՀԿ-ի կամ ոստիկանության վերահսկողական մամլիչից և 5 տարի շարունակ չվճարել ՃՏՊ տուգանքը, կնշանակի նա  կամ շատ հզոր կապեր է ունեցել, կամ էլ բացառիկ «շուստրի» է եղել,  որ կարողացել է շրջանցել կամ ինչպես ժողովուրդն է ասում ֆռռացել  օրենքի հսկողություն իրականացնող մարմիններին: Նման տարբերակներից մեկն, օրինակ, գրանցման կայուն հասցե չունենալը կամ գոյություն չունեցեղ հասցեի վրա գրանցվելն է, գուցե այլ հնարքներ ևս կան:  Իհարկե, որևէ մեկը չի պնդում,թե  տուգանք չվճարողների մեջ չկան իրական սոցիալապես անապահովներ: Վստահաբար կան ու այդ մարդկանց նկատմամբ կարելի էր հասցեական մոտեցում ցուցաբերել: Բայց ի՞նչ է նշանակում բոլորի տուգանքները համատարած ջրել:

Ստացվում է, որ ամբոխահաճությունից  ելնելով կառավարությունը աջակցում  և խրախուսում է  անբարեխիղճ և անպատասխանատու քաղաքացուն,  մինչդեռ նոր կառավարությունը դեռ չի ցուցաբերել որևէ նախաձեռնություն, որով կխրախուսվեր բարեխիղճ և պարտաճանաչ քաղաքացին: Նման արատավոր պրակտիկա, ի դեպ, ժամանակին ցուցաբերվել է  նաև նախկինում: Եթե հիշում եք, տարիներ առաջ կառավարությունը (այն ժամանակ վարչապետը դեռ երջանկահիշատակ  Անդրանիկ Մարգարյանն էր) համատարած համաներում հայտարարեց  և զրոյացրեց բնակիչների տարիներով կուտակված ջրի վարձը: Արդյունքում` պարտաճանաչ վճարում կատարողը տուժեց, իսկ չվճարողը`  բոնուս ստացավ: Այդ ցուցակներում այն ժամանակ կային մարդիկ, ովքեր մի քանի հարյուր հազար դրամի ջրի վարձ ունեին, հաշվիչի ցուցմունքը միանգամից 0 դարձավ:Ո՞րն էր այստեղ արդարությունը: Նույնը կատարվում է հիմա. անկախ  հանգամանքից` ՃՏՊ տուգանքների  համակարգն արդարացի է եղել թե ոչ, դա եղել է օրենք: Իսկ անգամ ամենավատ օրենքը պետք է պահպանել, հակառակ պարագայում մենք երբեք չենք դառնա իրավական պետություն: Հակառակը, կառավարությունն իր այս քայլով տեղ է թողնում մտածելու, որ միշտ կարելի է մտածել  «թռնելու» և  տուգանքներ չմուծելու մասին.  գուցե մի գեղեցիկ օր այս կառավարությունն էլ կփոխվի, կգա նոր վարչապետ ու կջրի չմուծած տուգանքները: Այստեղ են ասել` տուգանքները ջրում ես, որ ի՞նչ անես (ականջդ կանչի Սերժ Սարգսյան)….

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: