Չի կարելի բռնության սպառնալիքներով խոսել ժողովրդի հետ. Փաշինյան

May 23, 2018 Comments Off on Չի կարելի բռնության սպառնալիքներով խոսել ժողովրդի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ Ձեզ՝ հայտնի՞ է, թե ինչ վտանգավոր հետևանքների մասին էր խոսում Ժիրայր Սէֆիլյանն իր նամակում, որտեղ ասում էր, որ՝ եթե քաղբանտարկյալներին ազատ չարձակեն, դա վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել, նշեց. «Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է, ու այդ գործընթացը կշարունակվի: Ուզում եմ հստակ մի բան արձանագրել, որ չի կարելի բռնության սպառնալիքներով կամ բռնության ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ քաղաքական իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակենք մինչև վերջ: Պետք է ճշտել՝ ինչ է նշանակում՝ ձեռքերը լվանալ: Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ, որ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իմ այդ դիրքորոշումը, որովհետև որևէ նպատակով դատավորներին հրահանգ տալը նշանակում է՝ սկսել սերժսարգսյանացման գործընթաց: Ես այդպիսի գործընթացի մեջ ինձ չեմ տեսնում, եթե մենք մի անգամ դատարանին որևէ հրահանգ տանք, դրանից հետո դատարանն առանց մեր հրահանգի այլևս չի աշխատի: Շատ կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը ՀՀ-ում»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: